![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին: Այդ զեկույցի համաձայն` երկրում մարդու իրավունքների հետ կապված հիմնական խնդիրներն են սեփական կառավարությունը փոխելու իրավունքը, կոռուպցիան, կառավարության գործունեության թափանցիկությունը, դատական համակարգի անկախությունը:
Ինչպես և սպասելի էր ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը քաղաքական դաշտում մեծ ռեզոնանս առաջացրեց: Ինչպես միշտ ընդդիմադիր գործիչները պնդում են, որ զեկույցը «լիովին մերկացնում է իշխանությունների հանցավոր գործողությունները», իսկ իշխանական դաշտի գործիչները հայտարարում են, որ զեկույցը «ամբողջապես չի արտացոլում իրականությունը»:
Համոզված լինելով, որ նմանատիպ կարծիք հայտնողների ճնշող մեծամասնությունը նույնիսկ կիսով չափ չի կարդացել զեկույցը, պետք է փաստել, որ զեկույցի մասին պատկարեցումները կողմերի մոտ բավականին աղոտ են:
Ընդ որում, զեկույցներն օբյեկտիվ վերլուծության ենթարկելու համար պետք է դրանք համեմատել նախորդ տարիների զեկույցների հետ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած կարևոր միջոցառումները (ընտրություններ, ֆորս-մաժորային իրավիճակ և այլն):
Այն, որ կոռուպցիայի կամ դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրները մեր երկրի առջև ծառացած հիմնական պրոբլեմներն են, Հայաստանում դրա մասին գիտեն բոլորը: Ընդ որում, նմանատիպ ձևակերպումների կարելի է հանդիպել նախորդ զեկույցները ընթերցելիս, ավելին՝ զեկույցների համեմատությունը ցույց է տալիս, որ շատ խնդիրները, որոնց մասին ժամանակին մշտապես խոսվում էր, այս անգամ դրանք չկան: Կապված 2012 թվականի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ` զեկույցում տեղ են գտել ընտրությունների հետ կապված «դիտողություններ», որոնց առկայությունը սպասելի էր:
Անշուշտ, զեկույցում կան դրվագներ, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անհանգստացնող են կամ կարելի է դրանց հետ կապված անհամաձայնություն հայտնել, սակայն զեկույցի նկատմամբ կարծիքները հիմնականում ծայրահեղացված բնույթ են կրում:
Այնպես որ, լավ կլիներ, որ ո՛չ իշխանության դաշտի ներկայացուցիչներն ուղղակի ցույց տային, թե թքած ունեն նմանատիպ զեկույցների վրա կամ որպես պարտականություն մի երկու բառ «շպրտեին» այդ ուղղությամբ, ո՛չ էլ ընդդիմադիր գործիչները որպես ինֆորմացիոն առիթ օգտագործեին զեկույցը՝ այն ծառայեցնելով իրենց նեղ շահերին:




