Իրանի նախագահ Հասան Ռոհանին մոտակա օրերին կայցելի Բաքու։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։
Դեսպանը չի նշել այցի կոնկրետ ժամկետները, սակայն նշել, որ այցի հիմնական նպատակն է այցելել Նեֆտեչալայի արդյունաբերական գոտում կառուցվող համատեղ ադրբեջանա-իրանական գործարանի շինհրապարակ։
Իրանի ու Ադրբեջանի միջև ամենախոշոր նախագիծն, իհարկե, ՌԴ-Ադրբեջան-Իրան՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն է, որն ունի ինչպես երկաթգծային, այնպես էլ մեքենաների համար նախատեսված բաղադրիչներ:
Ադրբեջանն այս կերպ վերածվում է ՌԴ-ն ու ԵԱՏՄ-ն Իրանի ու Ծոցի երկրների միջև կապող օղակի, ինչպես նաև Հնդկաստանի համար ելք է ապահովելու ինչպես Սև ծովի՝ Բաքու-Թբիլիսի-Բաթումիի ու Բաքու-Թբիլիսի-Կարսի օգնությամբ դեպի Թուրքիա, իսկ Հյուսիս-Հարավի օգնությամբ` դեպի ՌԴ ու Եվրոպա:
Կողմերը զարգացնում են նաև զբոսաշրջային ոլորտը․ Իրանի քաղաքացիները կարող են հեշտացված ընթացակարգերով այցելել Ադրբեջան, իսկ մոտակա ժամանակներս բացվում է Նախիջևան-Թեբրիզ-Մեշհեդ՝ Իրանն ու Նախիջանը կապող երկաթգիծ, որը կարող է դառնալ նաև տարանցիկ, եթե Կարսից երկաթգիծ կառուցվի մինչև Նախիջևան, ինչի մասին Բաքվի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին:
Տնտեսական հարաբերություններն իրոք զարգանում են. իրանական ընկերությունները ցանկանում են օգտվել Ադրբեջանի գազային պահեստարաններից, ինչպես նաև ստեղծել Իրան-Ադրեջան-ՌԴ էներգետիկ կամուրջը՝ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման համար:
Քաղաքական հարաբերություններում առկա են որոշակի խնդիրներ՝ թուրք-ադրբեջանական ու ադրբեջանա-իսրայելական ռազմավարական տանդեմների պատճառով, ինչպես նաև Անկարայից ու Բաքվից հնչող որոշակի նկրտումների մասին Իրանի ադրբեջանաբնակ հյուսիսային շրջանների հանդեպ:
Սակայն տնտեսական շահերն այս պահին Թեհրանում ավելի բարձր են դասում, քան քաղաքական որոշակի անհամաձայնությունները. Իրանը ցանկանում է մտնել Հարավային Կովկաս, ամրապնդել այնտեղ իրանական ներկայությունն ու հակակշռել թուրքական և, ինչու ոչ, նաև ռուսական ներկայությանը:
Այդ պատճառով Բաքու-Թեհրան ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են խորանալ, սակայն Իրանը միշտ էլ զգուշավոր է լինելու Ադրբեջանի հարցում Թուրքիայի, Իսրայելի ու Արևմուտքի հետ Իրանի դեմ հնարավոր կոալիցիա ստեղծելու հավանականության պատճառով, բացի այդ` Իրանը ցանկանում է հավասարաչափ զարգացնել հարաբերությունները նաև ՀՀ-ի հետ՝ իրականացնելով ինչպես էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, այնպես էլ ներդրումային՝ ԵԱՏՄ շուկա դուրս գալ, այդ թվում` ՀՀ-ն որպես հարթակ օգտագործելու առումով:
Սակայն Իրան-ՀՀ հարաբերություններում պակասում է դինամիկան՝ առաջին հերթին տնտեսական, ինչպես նաև նոր գաղափարները, նոր ծրագրերը, իսկ հներն այնքան դանդաղ են առաջ շարժվում, որ Բաքուն այն օգտագործում իրանական բեռները, հոսքերը դեպի իր ենթակառուցվածքներն ուղղելու համար:
ՀՀ-ն պետք է նոր շունչ հաղորդի Իրանի հետ հարաբերություններին, հակառակ պարագայում հայ-իրանական հարաբերությունները կհանգեն հայ-վրացական հարաբերությունների մակարդակին՝ կենացներ բարեկամության, եղբայրության մասին, սակայն տնտեսական իմաստով գրեթե զրոյական կապեր՝ ներդրումներ, համատեղ ձեռնարկություններ, խոշոր նախագծեր, քաղաքական բովանդակալից օրակարգ: