Նախօրեին ԱԺ-ն 64 կողմ, 35 դեմ ձայներով հաստատեց 2018-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Այն հանգամանքը, որ բյուջեին կողմ քվեարկեց միայն կոալիցիան, խոսում է այն մասին, որ բյուջեն չի բավարարել ողջ խորհրդարանի լիարժեք վստահությունը: Պառլամենտական հանրապետության համար, բոլորիս է հայտնի, որ թիվ մեկ մարմինը խորհրդարանն է. ասել է, թե՝ ինչքան լայն կոնսեսուսով և աջակցությամբ է հաստատվում գործադիրը ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները, առավել ևս՝ պետական բյուջեն, այնքան մեծ է տվյալ ինստիտուտի արդյունավետությունն ու քաղաքական կայունությունը:
Սակայն ունենք մի իրավիճակ, երբ բյուջեին դեմ է պառլամենտական ողջ ընդդիմությունը, և դա ունի իր հիմքերը: 2018-ի բյուջեով աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, ինչին մեր քաղաքացիները սպասում են արդեն մի քանի տարի, մինչդեռ եթե մեր երկրում իսկապես 5-6 տոկոս տնտեսական աճ կա, ապա թոշակներն ու աշխատավարձերը գոնե այդքանով պետք է բարձրանան: Այս պնդումն էլ ավելի հետաքրքրիր է դառնում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների սրընթաց գնաճի պայմաններում: Իսկ արդեն 2018-ի հունվարի 1-ից թանկացման նոր ալիքը կհամակի բոլորիս` կապված ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի և նոր Հարկային օրենսգրքի անցման հետ:
Համեմատության համար նշեմ, որ վերջին 3 տարիների ընթացքում նման քիչ թվով ձայներ ոչ մի պետբյուջեի նախագիծ չէր ստացել (2015-ին` 88, 2016-ին` 97, 2017-ին` 83 կողմ ձայներով):
Բյուջեի քննարկումներն ընթացան այնպես, ինչպես և սպասվում էր։ Դժվար չէր ենթադրել, որ կարևոր, խորքային հարցեր բյուջետային քննարկումների ժամանակ շատ քիչ կհնչեն։ Հիմնականում սիրողական, առանձին հոդվածներով ծախսերի վերաբերյալ հարցեր էին, որոնց տակից կառավարությունն առանց դժվարության դուրս եկավ։
ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը բյուջետային քննարկումներին պատրաստվում և մասնակցում են «տնավարի» ու արհեստական՝ զուտ որպես դեկլարատիվ աշխատանքի։ Ստացվում է, որ պառլամենտական ընդդիմությունը՝ հանձինս «Ելք»-ի, ունի բավական մեծ էնտուզիազմ ու ակտիվություն, բայց չունի բավարար առարկայական օրակարգ՝ իշխանությանը հակադրելու: «Ծառուկյան» դաշինքի կսմիթներն էլ, որը չես անվանի ընդդիմադիր ուժին հարիր, պատշաճ քննադատություն, կարծես թե հուշում են, որ դաշինքն աչքի տակ պահում է 2018-ին կոալիցիա մտնելու հեռանկարը: Այդ հեռանկարը, հետևաբար՝ նաև քաղաքական լուսանցքում հայտնվելու սպառնալիքը քաջ գիտակցում է նաև ՀՅԴ-ն. գուցե դա է պատճառը, որ դաշնակցականները գովերգում էին բյուջեն, կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետությունը, որը փոքր-ինչ կասկածելի էր:
Մի քանի դիտարկում ընթացած քննարկումների և ելույթների մասին: Հարցերի ու ելույթների մեծ մասը մակերեսային էին ու քաղաքականացված։ Կրթության և գիտության ծախսերը, իհարկե, պետք է ավելացնել, թոշակներն ու աշխատավարձերը՝ նույնպես։ Սակայն չի կարելի և՛ առաջարկել ֆինանսավորումն ավելացնել բոլոր ուղղություններով, և՛ ցույց չտալ փողի աղբյուրը՝ միևնույն ժամանակ դեմ լինելով պարտքի ավելացմանն ու հարկային վարչարարության որոշակի խստացմանը։ Կամ չի կարելի կառավարությանը մեղադրել անիմաստ ու անարդյունավետ ծախսեր կատարելու մեջ, և միևնույն ժամանակ քննադատել պետական համակարգում 5600 հաստիք կրճատելու որոշումը (առանց խորամուխ լինելու՝ ինչ հաստիքներ են կրճատվում)։
Հ.գ. Բյուջեի նախագիծն իր կողմերի քանակով զիջեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմուկ հանած նախագծին․ այն պառլամենտում ստացավ 73 կողմ ձայն: