Իմ կարծիքով շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի պետական պաշտոնյաների հարազատներն ու բարեկամները զբաղվեն բիզնեսով: Ես հարգում եմ այն պետական պաշտոնյաներին, ովքեր իրենց որդիներին և հարազատներին տեղավորում են ոչ թե այս կամ այն պետական բարձր պաշտոնի, որպեսզի նրանք պետության ռեսուրսները թալանելով հարստանան, այլ ուղղորդում են, որպեսզի նրանք զբաղվեն բիզնեսով, ինչու ոչ նաև կարող են սկզբնական շրջանում իրենց հարազատներին աջակցել, որպեսզի բիզնեսում կայանան: Այնուամենայնիվ, բիզնեսով զբաղվելով` այս մարդկանց մոտ ձևավորվում է բիզնես մտածելակերպ, հետևաբար նրանք պետությանը վճարում են հարկեր և ստեղծում են աշխատատեղեր` դրանով իսկ քաղաքացիների որոշակի շրջանակի հնարավորություն տալով ունենալ աշխատանք, ապրել բարեկեցիկ կյանքով: Սա շատ ավելի լավ տարբերակ է, քան սեփական բարեկամներին տարբեր պետական պաշտոններում տեղավորելը և հնարավորություն տալը, որպեսզի թալանի կամ պետական ռեսուրսի հաշվին հարստանան: Կարծում եմ, որ մենք պետք է խրախուսենք բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր իրենց բարեկամներին, հարազատներին ուղղորդում են դեպի բիզնես միջավայր: Իսկ եթե մենք ուզում ենք, որ բիզնես միջավայրում պետական պաշտոնյաները չկարողանան հովանավորչություն անել իրենց հարազատներին, այս դեպքում արդեն մենք ոչ թե պետք է պաշտոնյաներին թույլ չտանք, որպեսզի նրանց հարազատները բիզնեսներով զբաղվեն, այլ ուղղակի պետությունը համապատասխան լծակներով պետք է փորձի կարգավորել դաշտն այնպես, որպեսզի որևէ մեկը իրեն մյուսից վեր չդասի:



