Լոռու մարզի Բովաձոր գյուղում բնակվող 10-ամյա Յուրիկի և իր հոր տխուր պատմությունը շատերիս էր հուզել: Կիսատ ընտանիք, բաժանված ծնողներ, ֆինանսական ու հոգեբանական ծանր դրություն: Երկու հոգուց կազմված այս ընտանիքի միակ երջանկությունը արդեն վաղուց օրվա հացի համար աշխատած գումարն էր դարձել: Յուրիկը, ով ենթադրաբար պետք է դպրոցում ուսաներ և որոշակի գիտելիքների պաշար ստեղծեր իր ապագան կերտելու համար, արի ու տես դպրոց էլ նորմալ չէր գնում: Հոր աշխատանքը ծանր էր, ու հորն էր օգնում: Գրել ու կարդալ էլ նորմալ չգիտեր: Կյանքի բոլոր հաճույքներից զրկված ու կարծես ճակատագրի կողմից անտեսված այս ընտանիքը ստեղծված ճահճից դուրս գալու իր բոլոր հույսերը սպառել էր ու կարծես համակերպվել էր իր համար կանխորոշված ապրելակերպի հետ: Տխուր, ծանր, հոգսաշատ, բայց չափազանց իրենը ու արդեն չափազանց արմատացած՝ այն սեփական ուժերով փոխելու համար:
Կիրակի օրը BlogNews-ի թիմը իր ընկերների ու համախոհների հետ այցելեց Յուրիկի ընտանիքին: Օրեր շարունակ մենք հայտարարություններ էինք տարածում ու խնդրում մտահոգ մարդկանց միանալ մեզ ու ընտանիքին փակուղուց դուրս գալու ձեռք մեկնել: Մտահոգ մարդիկ գտնվեցին ու հուրախություն մեզ՝ սպասվածից ավելին: Մեր նախաձեռնությանը միացած բարերարների մի մասը նախընտրեցին անհայտ մնալ, իսկ մյուս մասը անթաքույց կերպով օգնեցին ու սիրով համաձայնեցին մեզ հետ միասին մեկնել Երևան քաղաքից 160 կմ հեռու: Խնդրով մտահոգ քաղաքացիների թվում էին ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, տկն. Նարինեն, Արամը և իր ընտանիքը, Շուշանը, Շողերը Մարիամը, Արմանը, Սանյան, Գրապիոնը, Գրիգորը, Աշոտը, ու շատ ու շատ դրական ու բարի մարդիկ, որոնց մեծ մասի անունները, ցավոք, չհասցրի մտապահել:
Եվ այսպես, ձեր թույլտվությամբ սկսեմ սկզբից ու ներկայացնեմ մեր արշավը ամենայն մանրամասնությամբ:
Մեկնելու առավոտը եղանակը տհաճ անակնկալ մատուցեց մեզ: Անընդհատ հորդ անձրև էր տեղում, որը ոչ միայն թրջեց մեզ ոտից գլուխ, այլև փախցրեց մեր շատ ընկերների՝ Բովաձոր մեկնելու տրամադրությունը: Ասում էին՝ ճանապարհը սաստիկ անբերահաճ է վարորդների նկատմամբ, ու հնարավոր մերկասառույցի պատճառով վարորդներից շատերը հրաժարվեցին մեկնել մեզ հետ:
Առավոտյան ժամը 9-ից մինչև 10:30 Հրապարակի ցայտաղբյուրների մոտ սպասեցինք ու դիմավորեցինք բոլոր այն մարդկանց, ովքեր Յուրիկի ընտանիքին օգնություն էին ցանկանում ուղարկել:
Երբ մարդկանց հոսքը դադարեց, համախմբեցինք մեր ձեռքի գումարները ու տեղում որոշեցինք, թե ինչ պետք է գնենեք ընտանիքի համար:
Մեր հաջորդ կայարանը Փեթակ տոնավաճառն էր, որտեղից բազմաթիվ գրենական պիտույքներ, քարտեզներ, գրքեր ու խաղալիքներ գնեցինք Յուրիկի համար: Էլ ինքնաթիռ, էլ գնդակներ, էլ հրացաններ ու ատրճանակներ: Յուրիկը զենքերի իսկական սիրահար էր ու նրան նվիրվելիք զինանոցին անգամ Հյուսիսային Կորեան կնախանձեր:
Մի քանի ժամ տևած գնումներից հետո վերջապես որոշեցինք շարժվել դեպի Կիրովական, որտեղ մեր ընկերները մեզ պետք է միանային: Մեքենաների մեջ ինչ ասես կար, չփչացող տարատեսակ սննդամթերքից մինչև շորեր ու հագուստի պարագաներ ընտանիքի համար:
Մեզ դաժան 350 կմ էր սպասվում հաղթահարել, ուստի հաջորդ կանգառը բենզալցակայանն էր: Իսկապես այս կադրը յուրաքանչյուր վարորդի երազանքն է:
Ընթացքում սարսափելի անձրև էր տեղում, իսկ 160 կմ ճանապարհի երկայնքով դասավորված խորը փոսերը մեր ընթացքը բավական տհաճ էին դարձնում: Իսկապես հետաքրքիր է, արդյո՞ք մեր տրանսպորտի նախարարության աշխատակիցնրը այդ ճանապարհով չեն երթևեկում և չգիտեն՝ ինչ է կատարվում Երևանից դուրս: Միջազգային նշանակության նման անմխիթար ճանապարհ միայն Հայաստանում կարող էիր հանդիպել:
Ապարան մտնելուն պես անձրևը անակնկալ դադարեց և որոշեցինք կանգ առնել մեր ամենասիրելի խանութի մոտ, որպեսզի մի քիչ սնվենք:
Մտանք Լոռի
Կիրովականում մեզ միացան նաև մեր ընկերները ու ուղեկցեցին դեպի թռչնի շուկա: Որոշել էիք առաջին անհրաժեշտության պարագաներից բացի այս ընտանիքին նաև ապրուստի միջոց նվիրել, որպեսզի հետայսու նրանք իրենք իրենց ձեռքերով իրենց ապրուստն ապահովեն: 10 ածան հավ և մեկ աքլոր գնեցինք, որոնք անկասկած զարդարելու էին ընտանիքի դատարկված հավաբունը և ամեն օր թարմ ձու էին մատակարարելու նրանց:
Գյուղի ճամփան ահավոր էր: Մինչև տեղ հասանք, մեքենայիցս հասցրի 15 անգամ ներողություն խնդրել:
Յուրիկի հայրը՝ Ռուբենը, մեզ ժպտերես դիմավորեց ու օգնեց մեր օգնությունը տանը տեղավորել:
Ռուբենի համար ևս մի անակնկալ ունեինք: Որոշել էինք նրան կով նվիրել, որպեսզի նա ստեղծի իր տնտեսությունը ու դառնա քիչ թե շատ ապահովված: Իսկապես, նվիրված սնունդն ու ապրանքները նա մի քանի ամսում կսպառեր, իսկ կովն ու հավերը կարող էին դեպի բարեկեցիկ ապագա ընտանիքի ճանապարհի համար լավ սկիզբ դառնալ:
Խնդրեցի նրան ուղեկցել մեզ դեպի արոտավայր, որտեղ կովերի մեծ ընտրանի կար: Ռուբենը կովերից լավ էր հասկանում և ընտրեց ամենալավերից մեկին: Նրա դեմքին ժպիտ ու շփոթություն հայտնվեց:
Ապա հեռվում Յուրիկին նկատեցինք: Նա մեր ընկեր Գրիգորի հետ ֆուտբոլ էր խաղում, ու մենք որոշեցինք միանալ նրանց: Շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց, բավական դրամատիկ պահերով: Ի դեպ, Ռուբենն էլ վատ չէր խաղում:
Յուրիկը շատ ջերմ ու մարդամոտ երեխա էր, հաճելի էր շփման մեջ ու միևնույն ժամանակ համեստ էր: Զենքերը տեսնելուն պես նա ասաց, որ լավ զինվոր կլինի ու անմիջապես զինվորական կեցվածք ընդունեց:
Ապա ինքն իրեն հրամանատար նշանակեց ու զենքի սպառնալիքով մեզ ստիպում էր տարբեր գործողություններ կատարել :)
Դե էլ ինչ հայ, եթե հավաքվելիս խորոված չուտեն: Հետներս նաև մի քանի կգ բաստուրմա դրած ընտիր միս էինք բերել, որի շարելը հանձն առավ մեծարգո պրն. Տեր-Նակալյանը, իսկ խորովումը՝ մեր վարորդ ընկերը:
Խորովածն այնքան համեղ էր բուրում, որ անգամ սագերը անտարբեր չմնացին:
Ընտիր խորոված, մեկը մյուսից հետաքրքիր բաժակաճառեր ու շատ ընկերական մթնոլորտ: Վերջում Ռուբենը շատ էր բացվել, մեզ հետ հավասար խոսում ու ուրախանում էր: Ասաց, որ ամեն ինչ անելու է ոտքի կանգնելու ու իր գանձին լավ ապագա տալու համար: Ասաց, որ սրանից հետո կրկնակի ու եռակի է աշխատելու:
Իսկ փոքրիկ Յուրիկը ինձ առանձին խոստացավ, որ անպայման լավ է սովորելու ու մեր մյուս հանդիպմանը մեզ պատմելու է այն բոլոր գրքերը, որոնք նրան նվիրեցինք:
Ճանապարհ ընկանք Երևան: Այնքան երջանիկ էինք, որ չնկատեցինք՝ ինչպես հասանք տուն )