Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնությունը 5-րդ թողարկմամբ մարզի Բովաձոր համայնքում էր:

Պատմությունը, որ ներկայացնելու ենք այս անգամ, թե՛ թեմատիկ, թե՛ բովանդակային առումներով տարբեր է նախորդներից:

Լոռու մարզի Բովաձոր գյուղի այս ընտանիքը բազմազավակ չէ, այլ ընդհակառակը՝ բաղկացած է ընդամենը 2 անձից: Այս ընտանիքում ապրում են հայր ու որդի:
Իզուր չէ, որ գլխավոր հերոսին հիրավի կարելի է կոչել «մեր օրերի Գիքորը»: Անգամ միայն տեսնելով այս տղային՝ մեզնից յուրաքանչյուրը կմտաբերի պարզ ու միամիտ, անկեղծ ու մաքուր թումանյանական հերոսին:

10-ամյա որդուն Ռուբիկը պահում ու մեծացնում է միայնակ, պահում է այնպես, ինչպես կարողանում է: Նրա կինը երեխային ունենալուց մի քանի օր անց պարզապես որոշում է այլևս չապրել իր ընտանիքում, 15 օրական որդուն թողնելով ամուսնու ու ծեր սկեսուրի հույսին՝ հեռանում է անհայտ ուղղությամբ: 
Մի քանի տարի Ռուբիկի ծեր մայրն է օգնում պահել ու մեծացնել լքված երեխային, սակայն շուտով մեռնում է նաև Ռուբիկի մայրը, և երեխային պահել-մեծացնելու, դաստիարակելու խնդիրն ամբողջությամբ մնում է հոր ուսերին:
Գյուղում Ռուբիկը հովիվ է աշխատում, աշխատանքի բնույթից ելնելով՝ տղան՝ Յուրիկը, գրեթե ողջ օրը մենակ է մնում, հաճախ գիշերներն անցկացնում հոր հետ, նրա կողքին՝ գոմում, երբեմն օգնում է հորը՝ անասուններին սար տանելու կամ այնտեղից բերելու հարցում:
Գյուղում փոքրիկին սիրում են: Դպրոց է հաճախում, դասերը սովորում է հոր օգնությամբ:
Ընտանիքին թերևս չէինք անդրադառնա, եթե նրանք իսկապես չունենային մեր բոլորի օգնության կարիքը: 
Ռուբիկն ու որդին ապրում են մի տան մեջ, որն անգամ իրենցը չէ, իսկ նույն այդ տուն կոչվածն ընդամենը 4 պատերից բաղկացած փոքրիկ մի խուց է, չկան կոմունալ տարրական պայմաններ, առհասարակ բացակայում են կենցաղային ամեն տեսակ հարմարություններ, ընտանիքը չունի անգամ սեփական հագուստ, երեխան հագնում է համագյուղացիների փոքրացած ու հին շորերը այնքան, մինչև լրիվ կեղտոտվելը, հետո պարզապես դեն են նետում՝լվանալու պայմաններ չունենալու պատճառով:
Տղան հասակակիցներից տարբերվում է ոչ միայն հետաքրքրություններով ու ապրելակերպով, այլև առօրյայով: Փոքրիկ բնակարանը չունի անգամ հեռուստացույց՝ երեխայի առօրյան փոքր-ինչ գոնե լցնելու համար, չկա մահճակալ, սառնարան, պահարաններ, նույնիսկ սեփական սպասք:
Ավելի խորը չներխուժելու համար այս փոքրիկի նուրբ հոգու մեջ ընտանիքի պատմությունը, թերևս, սահմանափակենք այսքանով, այլ մանրամասներ կարող եք դիտել ներկայացվող տեսանյությում:
«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնությունը ակնկալում է բոլոր բարի ու կարեկից մարդկանց աջակցությունը: Հարկ է նշել, որ կադրից դուրս հայր ու որդի խնդրում էին մի փոքրիկ հորթուկ միայն, որին պահել-փայփայելով ամիսներ անց կունենային իրենց սեփական ապրուստը:
Մեր նախաձեռնությունն իր հերթին տեղեկացնում է, որ ֆոնդում կա բավարար չափով հագուստ՝ սույն ընտանիքին տրամադրելու համար: Այժմ կա բարվոք ապրելակերպի պայմաններով ապահովելու, կենցաղային իրերով օգնելու կարիք:
Նախաձեռնությունն իրականացնում է դրամահավաք, որի արդյունքներով ու միջոցներով ընտանիքի համար կգնվի փոքրիկ հեռուստացույց, սառնարան, կենցաղային այլ իրեր և մի հորթուկ: Ընտանիքի աջակցության համար գործում է հաշվեհամար. փորձեք ունենալ ձեր ներդրումը ևս մեկ ընտանիքի աջակցության գործում, մենք շնորհակալ կլինենք ամեն լումայի համար՝ ծառայեցնելով այն ճիշտ նպատակին:

Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար
AMD 16036013869903USD 16036013869904EUR     16036013869905RUR     16036013869906: 
Հաշվեհամարի պատասխանատու՝ Էդվարդ Արզումանյան
Նշված ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով:
Նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան
Հատուկ շնորհակալություն Լոռի-Ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին
Հիշենք՝ օգնել կարող ենք ամենքս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել