Այսօր մարդիկ ելք են փնտրում ստեղծված վիճակից, և կա արդեն շատ կարևոր տեղաշարժ այն առումով, որ առաջնորդ-կուռքի փնտրտուքն այժմ կարծես սկսում է փոխարինվել գաղափարի փնտրտուքով, ինչն, ինքնին, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների պաշար է նախատեսում: Քաղաքականությունը շատ գայթակղիչ ոլորտ է, քանի որ թվում է, թե հատուկ գիտության ասպարեզ չէ: Օրինակ՝ մաթեմատիկոսը դժվար թե հանդգնություն ունենա բժիշկին ցուցում տալ, թե ինչպես է պետք բժշկել, բժիշկն էլ դժվար թե մաթեմատիկոսի հետ գիտական բանավեճի մեջ մտնի` վիճարկելով բարձրագույն մաթեմատիկայի ոլորտին վերաբերող վերջինիս տեսակետները: Ֆուտբոլն ու քաղաքականությունն այդ մասնագիտական նրբանկատ վերաբերմունքի ոլորտից դուրս են մնացել, որովհետև թվում է, թե մեր կյանքում առկա խնդիրները կարող են միանշանակ ու հեշտ լուծումներ ունենալ, իսկ այդ լուծումները տալու համար հատուկ գիտելիքներ, անշուշտ, պետք չեն: Այդօրինակ «քաղաքական» մտածողության դրսևորման վառ օրինակը կարող ենք համարել «Մահ կամ ազատություն» կարգախոսը: Ես «Մահ կամ ազատություն» կարգախոսին գերադասում եմ «Ե՛ւ կյանք, ե՛ւ ազատություն» կարգախոսը: Առաջինը` մարտիրոսանալու ճանապարհ է, երկրորդը` արժանապատիվ ապրելու ձև: Քաղաքականություն ասածը վերաբերում է երկրորդ կարգախոսին: Ինձ համար «Եւ կյանք, եւ ազատություն» կարգախոսը միայն Հայաստանում է կիրառելի: Հայաստանից դուրս հայաստանցու համար կարող է լինել տանելի կամ, անգամ, բարեկեցիկ կյանք, բայց ոչ իրական ազատություն: Այսօրվա արտագաղթը հեռացողներին հնարավորություն է ընձեռում եղած չքավոր անազատությունը փոխարինել նյութապես հարաբերականորեն ապահով անազատությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել