Քեզ գտա Սոհոյում[1]. հարբած քայլում էիր մայթով, շիշը ձեռքիդ: Քայլում էիր թեթև ու անկայուն քայլերով: Ամեն մի քայլդ մի թիթեռ էր հիշեցնում, ու մտովի քայլերդ հավաքում էի բռիս մեջ: Դու այնքան փխրուն էիր թվում ինձ՝ այրված թղթի պես փխրուն, որ կարծես ուր-որ է փշրվելու էիր: Անսպասելիորեն նստեցիր շենքի պատի տակ՝ հենց գետնին, շիշը մոտեցրիր բերանիդ ու ձևացրիր, թե իբր խմում ես: Մինչդեռ վիսկին կոհակի պես բախվեց շուրթերիդ ու առանց մի կաթիլ կորցնելու՝ ետ նահանջեց:
Հետո սկսեցիր հայհոյել՝ հայհոյում էիր լուսնին, հայհոյում էիր Լոնդոնին ու մեկ էլ այն պոռնիկին, որը կողքովդ անցնելիս աչքով էր արել քեզ: Ծխախոտը բերանդ դնելուց հետո պայուսակը տակնուվրա արեցիր ու վերջապես գտար կրակայրիչը, վառեցիր ծխախոտն ու ծուխը ներքաշելով՝ փակեցիր աչքերդ: Հենց այդ պահին ինձ թվաց, որ թիթեռները դուրս սահեցին բռիս միջից ու քողարկեցին լուսինը: Հետո աչքերդ բացեցիր ու նկատելով ինձ՝ մեղմ ժպտացիր:
- Բեկի... վեր կաց...
Դու անթարթ նայում էիր աչքերիս, կարծես տեսնում էիր աչքերս, կարծես ուր որ է խոսելու էիր աչքերիս հետ, բայց ինձ թվաց, թե իրականում դու փնտրում էիր հենց աչքերս:
- Բեկի... կմրսես...
- Այսօր ես կորցրեցի կուրծքս...- հանկարծ հայտարարեցիր դու, ու ես չգիտես ինչու վախեցած նայեցի կրծքիդ: Դու նկատեցիր, որ փնտրում եմ կրծքերդ ու թույլ ծիծաղեցիր:
- Չէ... դու չես հասկանում...
Նստեցի կողքիդ: Ձգտում էի չնայել կրծքիդ:
- Կուրծքս կախվել էր ծառից ու դանդաղ մեռնում էր, տղա՛, կուրծքս մեռնում էր, բայց կաթ էր տալիս թռչուններին, որոնք բոլորովին չէին խղճում կուրծքս... անճոռնի կտուցներով քրքրում էին իմ խեղճորեն ցցված պտուկները, նրանք քրքրում էին պտուկներս կաթ ստանալու համար... տղա՛, մի տմբտմբացրու գլուխդ, իբր բան ես հասկանում... դու ոչինչ էլ չես հասկանում... պտուկներս ուռեցին, կարմրեցին ու ճաքեցին... կուրծքս մեռավ... տե՛ս, այլևս չունեմ...
Ու իջեցնում էիր բլուզդ: Ես փորձում էի խանգարել քեզ: Բայց դու այն համառորեն ձգում էիր վար: Երևացին գունատ կրծքերդ, որոնք կարծես երբեք չէին տեղաշարժվել, երբեք չէին ցնցվել, երբեք չէին պոկվել ու կախվել ծառերից, երբեք կաթ չէին տվել ու երբեք չէին գժվել: Իզուր էիր անհանգստանում՝ ինքնամփոփ կրծքերդ, թաքուն տենչերով, հանգիստ շնչում էին:
- Բեկի, հիմար աղջիկ...- ինչու այդպես ասացի, չեմ հասկանում, բայց փչացրեցի պահը, բլուզը ետ սահեց՝ մինչև կոկորդդ: Թափ տվեցիր ձեռքդ ու շշից մի կում արեցիր:
- Ասում ես Դիկե՞նս...- ասացիր հետո ու նայեցիր լուսնին:
Ուրեմն հիշում էիր ինձ: Ես վախենում էի, որ մոռացած կլինես ինձ: Չէի էլ համարձակվում հարցնել այդ մասին:
- Ես չեմ ճանաչում նրան,- շարունակեցիր դու,- նա ինձ համար ոչ մի բան չի արել... Ո՞ւր էր նա, երբ ինձ հարկավոր էր մարիհուանա քաշել ու չէի կարողանում ճարել... Ես ընդամենը ուզում էի անջատվել քաղաքից... հա... հենց անջատվել, որովհետև ես մեռնում եմ այստեղ, մաս-մաս մեռնում եմ, դեռ կուրծքս մեռավ, հետո ձեռքերս մեռան, հիմա էլ զգում եմ, որ կորցնում եմ ոտքերս... իսկ ո՞ւմ է պետք՝ անկուրծք, անձեռ ու անոտ Բեկին, ո՞ւմ ասա, ո՞ւմ... ո՞վ նրան կգրկի, ո՞վ կպաչի, ո՞վ սեքս կանի նրա հետ... ո՞վ, դե ասա, ո՞վ...
Դու արտասվեցիր: Գունատ մատներովդ ծածկեցիր դեմքդ: Հեկեկում էիր: Թիթեռները հատ-հատ պոկվում էին լուսնից ու կիսամեռ պառկում մեր շուրջը:
- Ես ուզում եմ, որ ոչ մի տեղ չլինեմ... եթե մեռնեմ, միևնույն է՝ ինչ-որ տեղ կհայտնվեմ, իսկ ես չեմ ուզում որևէ տեղ լինեմ... բայց դա հնարավոր չի, չէ՞... մենք անպայման մի տեղ լինելու ենք, չէ՞...
- Երևի այդպես է, Բեկի...
- Ապուշություն եմ ասում, հա՞, ասա՛, ասա՛, ամաչկոտ տղա՛, համարձակորեն ասա՝ Բեկի, պոռնի՛կ, դու ապուշություն ես դուրս տալիս... ասա՛...
- Բեկի, պոռնի՛կ, դու ապուշություն ես դուրս տալիս...
Դու զարմացած նայեցիր ինձ: Երևի չէիր սպասում, հա՞, որ նման բան կասեի:
- Հիմար տղա ես...- ասացիր ու սկսեցիր ծիծաղել:
Մարիհուանա էիր ծխել: Զգացվում էր: Բայց չգիտես ինչու դու չէիր անջատվել քաղաքից, դու շարունակում էիր ապրել քաղաքում, իսկ քաղաքը՝ քո մեջ: Դու կրկին զգում էիր քաղաքը, քաղաքը նորից աղմկում էր քո երակներում, խփում էր քունքերիդ, քաղաքը շարունակում էր անշտապ սպանել քեզ ու նորից ծնել:
Ես էլ սկսեցի ծիծաղել, ծիծաղում էի՝ նայելով լուսնին, քանի որ նախորդ օրը մետրոյում «Լուսինը Սոհոյի վրա» գրքի վերնագիրը անհաջող էր թվացել ինձ: Ծիծաղում էի՝ նայելով տրանսվիստիտին, որը հազիվ էր քայլում բարձրակրունկ կոշիկներով, վերջում ջղայնացավ՝ հանեց կոշիկներն ու բոկոտն քայլեց մայթով՝ ազատ ու տղամարդավարի: Ծիծաղում էի՝ նայելով քեզ՝ Բեկի, որ այնքան տաք ու հարմարավետ տուն ունեիր, իսկ դու սառում էիր պատի տակ՝ հուսահատ ու շփոթված՝ հանկարծ հասունացած տիկնիկի պես:
Հենց այդ պահին, երբ նստած էի կողքիդ, լսո՞ւմ ես, հենց այդ պահին, Սոհոյում, ես գիտակցեցի, որ մարիհուանան ինձ էլ չօգնեց. ես կրկին զգում էի մարմնիս սպանված ու վերականգնված մասերը՝ մեկ իրարից զատ, մեկ համախմբված: Քաղաքը կուլ էր տալիս ինձ, կշտանում ինձանով, մեկ էլ հանկարծ հետ էր տալիս ու վերադարձնում անվնաս մարմինս:
Լոնդոնը, որը մշտարթուն կենդանու է նման, ինքը պիտի մարիհուանա ծխի, որ վերջապես մեքենաները կորցնեն անիվները, մարդիկ՝ ոտքերը, իսկ լույսերը անջատվեն, ու լսվեն միայն ծառերը:
Գիտե՞ս՝ կենդանին սկզբում ինձ չընդունեց: Ասենք ես էլ միանգամից չեմ նետվել նրա գիրկը: Ես կողքից էի նայում նրան: Քաղաքում քիչ էին իմ ոտնահետքերը, ես չկայի կենդանու հիշողության մեջ:
Հենց այս մասին էի մտածում, երբ կանգնած էի իմ նոր տան դռան առաջ ու չգիտեի ինչ անել: Մոռացել էի վերցնել տան բանալին: Դանդաղ մթնում էր: Մերթ նայում էի անձրևահարվող կտուրներին, մերթ դռանը՝ փակ դռանը, որը պատկանում էր ինձ, քաղաքի հարյուր հազարավոր դռներից միակը, որը իմն էր՝ փակ էր: Փողոցում ոչ ոք չկար: Մայթով քայլում էի ետուառաջ: Անձրևը մանրանում էր՝ խփելով ամենազգայուն ու մանր ջղերիս: Ցուրտը զգացնել էր տալիս իրեն: Հեռվից խուլ մռնչյունի ձայներ էին լսվում. կենդանին անհանգիստ էր:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել