ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը Մերձավոր Արևելքում կարող է աննախադեպ նոր իրավիճակի պատճառ դառնալ: Թեև Վաշինգտոնի տարածաշրջանային մահմեդական դաշնակիցները վերջին տասնամյակում ոչ միայն մոռացել են իրենց հակասությունները Իսրայելի հետ և նույնիսկ համագործակցության եզրեր են գտել, բայց Երուսաղեմի՝ հրեական մայրաքաղաք ճանաչելը հակասում է նրանց ազգային -- կրոնական գաղափարախոսությանը, քանի որ Երուսաղեմը մահմեդական աշխարում երրորդ պաշտելի սբավայրն է՝ Մեքքայից և Մեդինայից հետո:

Եվ պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության առաջին քննադատությունը հնչեց Անկարայից: Վերջին 2 տարվա մեջ Թուրքիան փորձում է վարել ինքնուրույն քաղաքականություն, ինչի դեմ որպես պատիժ իրականացվեց 2016 թվականի հեղաշրջման փորձը: Ներկայումս Անկարան ավելի է սերտացնում հարաբերությունները Մոսկվայի և Թեհրանի հետ՝ մանավանդ Սիրիայի հարցում և նման հայտարարությունն էլ ավելի կգցի Թուրքիային դեպի Ռուսաստան-Իրան առանցքը: Բնական է՝ դժվար թե Անկարան կկարողանա հեշտությամբ մարսել իր հակավաշինգտոնյան դեմարշը: Եվ եթե ԱՄՆ անմիջական ջանքերով Հյուսիսային Իրաքում՝ այդ երկրի մասնատումը կանխելու նպատակով կասեցվեց Քրդական պետության հռչակումը, չի բացառվում, որ Միացյալ Նահանգները ձեռնամուխ կլինեն արդեն իսկ Թուրքիայի մասնատմանը և հենց այդ երկրի տարածքում Քրդական պետության հիմնմանը, ոչ առանց Իսրայելի անմիջակակն մասնակցության:

Թեժանալու է իրավիճակը նաև Պաղեստինում, որտեղ արաբ բնակչությունը կզրկվի սրբավայրեր այցելելու ազատություններից: Եվ դա կարող է նոր իտտիխադայի պատճառ դառնալ, որին բացահայտ կմիանա ԻՐանի Իսլամական Հանրապետությունը: Եվ սա կարող է լինել եղակի դեպքռրից, երբ Սաւդյան Արաբիան, Եգիպտոսն ու Իրանը կհայտնվեն նույն, ոչ թե հակադիր կողմում:

Բնական է, որ Իսրայելը փնտրելու է գտնել նոր դաշնակիցներ, մանավանդ Իրանին սաստելու համար, և չի բացառվում, որ կսերտացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ըստ այդմ՝ Բաքվի, Թեհրանի և Անկարայի միջև կարող է հարաբերությունների սառեցում նկատվել: Անշուշտ ՝ դա մեծագույն ազդեցություն կունենա նաև Ղարաբաղյան հակամարտության վրա: Կամ Անկարան կփորձի սանձել Ադրբեջանում իր կողմնակիցներին և հրահրել նոր պայթյունավտանգ իրավիճակ, որպեսզի թուլացնի Ալիևների դիրքերը, կամ հենց Ալիևները կփորձեն շեղել երկրի հանրության ուշադրությունը՝ հրահրելով նոր պատերազմական իրավիճակ: Չի բացառվում նաև մեկ այլ տարբերակ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կվախենա մնալ առանց իր ավագ եղբոր աջակցության և կտարվի միայն Իրսրայելի հետ համատեղ Իրանի դեմ որևէ ռազմաքաղաքական դեմարշի կազմակերպմամբ:

Այնուամենայնիվ՝ Մերձավոր Արևելքում սպասվում է որոշակի շոկային իրավիճակ, որն կարող են հաջորդել աննախադեպ և անսպասելի զարգացումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել