Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում:
Եվ Օսկանյանի կարծիքը թեպետ անձնական է, այնուամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում:
Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել:
1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե`
ա. Իշխանությունները ձևավորվել են համապետական ընտրությունների արդյունքում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը:
բ. ՀՀ Կառավարությունը կոալիցիոն է՝ բաղկացած երկու կուսակցություններից:
գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում:
դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջևանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում, չհաշված մոտ հարյուր գյուղապետեր:
2. Հայաստանի իշխանությունները, իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:
3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:
4.Եվ ամենակարևորը, ինչու՞ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց և չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչո՞ւ դա չանել մինչև սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչև ԱԺ աշնանային նստաշրջանը:
Հ.Գ. Ասեմ նաև, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:
Հետևաբար՝ ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է, և ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը:



