Բոստոնի պայթյունների պատմությունը գնալով ավելի տարօրինակ ու մառազմատիկ զարգացումներ է ունենում, և ես գնալով ավելի եմ հակվում այն տարբերակին, որ եթե անգամ այս ահաբեկչությունը հենց ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքի գործը չէր, այլ ծայրահեղական անհատների կողմից կազմակերպված ակցիա էր, ապա վստահաբար ամերիկացիները փորձում են այս պատմությունն այնպես հարմարեցնել, որպեսզի այն օգտագործեն երրորդ կողմի դեմ: Դժվար չէ հասկանալ, որ այդ երրորդ կողմը կլինի ոչ թե Սիրիան, ոչ թե ԿԺԴՀ-ն, ոչ էլ ասենք Իրանը: Իմ կարծիքով, ամերիկյան քարոզչական սուրի սայրը ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ:
Դատեք ինքներդ. հաշված օրերի ընթացքում բացահայտում են «կազմակերպիչներին», ընդ որում, այնպիսի հեշտությամբ, որ բնականոն հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ այսպիսի արդյունավետությամբ գործող ծառայությունները չէին նկատել նախապատրաստման փուլում գտնվող ահաբեկչական ակտը: Հետո բոլոր ամերիկյան լրատվամիջոցները մեկ մարդու պես սկսեցին խոսել ռուսական հետքի մասին, որովհետև Ցառնաև եղբայրները ծագումով չեչեններ են, չնայած որ հիմնականում ապրել են ԱՄՆ-ում ու Ղրղզստանում:
Դրան հետևեց եղբայրներից ավագի սպանությունը՝ պաշտոնական վարկածի համաձայն՝ փոխհրաձգության արդյունքում, իսկ հետո էլ ձերբակալվեց փոքր եղբայրը՝ ծանր վիրավորվելուց հետո: Հիմա էլ կարդում եմ, որ նա գիտակցության է եկել ու ցուցմունքներ է տալիս գրավոր տեսքով, քանի որ կոկորդը լուրջ վնասված է․․․ Ի՜նչ լավ ա, չէ՞: Չեմ զարմանա, որ ստացված վնասվածքներից Վառնաև կրտսերն էլ այն աշխարհ գնա, իսկ թե ինչ փաստաթղթեր կմատուցվեն որպես նրա գրավոր ցուցմունք, դեռ մեծ հարց է:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական հետևանքներին, ապա դատելով նրանից, թե ինչ ակտիվություն դրսևորեց Պուտինը, քանի անգամ զանգեց Օբամային ու հրապարակային հայտարարություններ արեց՝ դատապարտելով ահաբեկչությունը և այլն, ապա կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը լուրջ մտավախություններ ունի և ամեն կերպ ուզում է ընդգծել իր լոյալությունը ահաբեկչության դեմ պայքարում, բայց ամերիկացիներին շատ չկա, որ բռնեն ու Ռուսաստանը հայտարարեն որպես երկիր, որն ահաբեկչական վտանգ է ներկայացնում, ինչը կունենա մի շարք հեռու գնացող հետևանքներ ինչպես ամերիկա-ռուսական հարաբերությունների, այնպես էլ ռուսական էլիտայի վիճակի վրա:
Մի խոսքով, ամեն ինչ դեռ առջևում է:



