Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը եւ բրենդավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաեւ հանրային կապերի եւ մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ աշխատանքը ծավալվել է մեկ շուկայում փոքր զբոսաշրջային բրենդավորման ծրագրի շուրջ, բայց հաշվի առնելով կազմակերպության գործունեության հաջող փորձը տարբեր երկրներում եւ Հայաստանում մեծ ներուժի առկայությունը՝ նպատակահարմար կլինի դիտարկել նաեւ ավելի ընդգրկուն ծրագիր նախաձեռնելու հնարավորությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գաղափարը եւ առաջարկել հանդիպել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հեռանկարները քննարկելու համար: