Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան։ Այն իրականում լինելու է այս նստաշրջանի վերջինը, չնայած հաջորդ շաբաթ Կառավարության կողմից հրավիրվել է ևս մեկ արտահերթ նստաշրջան: Հետաքրքականն այն է, որ այս քառօրյայում բավականին ինտրիգային նախագծեր են ներառված, որոնք հասարակական լայն շերտերի, ինչպես նաև քաղաքական շրջանակների հետաքրքրություններ են ներառում:
Օրակարգի ուշադրության կենտրոնում պետբյուջեի քվեարկությունն է, որը քվեարկության կդրվի չորեքշաբթի: ՀՀ թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում միանշանակ մոտեցում չկա. բյուջեին դրական է արձագանքել միայն իշխող կոալիցիան, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները հայտարարել են իրենց բացասական դիրքորոշումը: Այս առումով մի քանի նկատառումներ փաստենք. արդեն մոտ մեկ ամիս է՝ սպառողական ապրանքների գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, և դա ակնհայտ իրողություն է, յուրաքանչյուրս անմիջապես զգում ենք մեր գրպանին. շուկայում թանկացել են կարագը, մսամթերքը, հավկիթը, ինչպես նաև բենզինի սակագինը: Ըստ մամուլի հրապարակումների և ԵԱՏՄ ընդհանուր մաքսային օրենսգրքի՝ հունվարին թանկացումների նոր ալիք է սպասվում, և սա, բնականաբար, հասարակ քաղաքացու համար ունենալու է անդառնալի հետևանքներ: Պետական այրերը բյուջեն ԱԺ-ում ներկայացնելիս խոսում էին տնտեսական աճերի, արտահանման ծավալների ավելացման, ՏԱՑ-ի նոր հորիզոնների և այլ պոզիտիվ թիրախների մասին, սակայն իրականությունն ավելի դաժան է. փաստացի՝ աշխատավարձերի և թոշակ-նպաստների բարձրացում չունենք, և կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցրած երևակայական ձեռքբերումները հակառեակցիա են առաջացնում բնակչության մոտ։
Օրենսդիրի մյուս խնդրահարույց թեման, որը իշխանական հատվածում «ցավոտ կոշտուկ» է հիշեցնում, ռուսական նոր 100 մլն դոլարի վարկի վերաբերյալ նախագիծն է, որով հերթական անգամ ավելանալու է ՀՀ պետական պարտքը: Այն հանգամանքը, որ մեր արտաքին պարտքը թակում է ՀՆԱ-ի 60 տոկոս շեմը, հայտնի է ամենքին, այդ իսկ պատճառով կառավարությունը փորձում է շեմի հետ կապված փոփոխություն կատարել և այն որոշ չափվ բարձրացնել, սակայն դա ցավին դարման անել չի կարող. փաստ է, որ մեր պետական պարտքը հատել է արդեն 6 միլիարդը, և 2020-ից պարտքի սպասարկման համար պետբյուջեից հատկացվելու 1 մլրդ դոլար` բյուջեի 1/3-ը: Այս նախագիծը պառլամենտում շահարկման առիթ է հանդիսանալու հատկապես «Ելք»-ի ներկայացուցիչների կողմից, որոնք վերջին շրջանում ԵԱՏՄ կազմից ՀՀ դուրս գալու անվան տակ մի իսկական թատերական փառատոն էին կազմակերպել` ԱԺ հարթակը վերածելով դրամատիկական և պաթետիկ ճառերի արենայի:
ԱԺ-ի օրակարգում ներառված ամենասկանդալային փաստաթուղթն «Ընտանեկան բռնությունը» կանխարգելող օրենքի նախագիծն է, որն ընդամենը փոխվել է անվանապես` ստանալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անունը: Մոտ երկու ամիս հանրային հարթակում քննադատված և բզկտված օրինագիծը մտել է պառլամենտական օրակարգ և արդեն իսկ դարձել շահարկման առարկա: Նախօրեին ԱԺ խորհրդի նիստում հարցի վերաբերյալ ԱԺ նախագահությունն առաջարկել է քննարկել մեկժամյա ռեժիմով։ Այս հանգամանքը սվիններով է ընդունվել Նիկոլ Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից: Նիկոլն անգամ առաջարկել է հարցը քննարկել 3 րոպեում, որպեսզի զերծ մնան ավելորդ խնդիրներից ու լալահառաչ ճառերից: Ակնհայտ է, որ օրենքի բուն խնդիրը զուտ անվանափոխությունը չէ, քանի որ ներկայումս փոխվել է միայն օրենքի անունը: Զարմանալի է, եթե չասենք՝ ապշեցուցիչ, որ ՀՀ կառավարությունը, նոյեմբերի 16-ին հավանություն տալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծին, հաշվի չի առել այն պարզ և անվիճելի իրողությունը, որ կյանքում կարող են լինել այնպիսի հանգամանքներ, որոնց դրդմամբ մարդու կատարած այս կամ այն արարքը չի կարելի համարել ընտանիքում բռնություն ու նրա նկատմամբ կիրառել այս կամ այն միջոցը կամ սահմանափակող, պատժող սանկցիան: Հաշվի չի առել այն պարզ իրողությունը, որ կյանքում ևս, ինչպես այլևայլ հարցերում, կարող են լինել բացառություններ, և որ նախապես պետք է հաշվի առնել նաև այդ բացառությունները:
Ըստ էության՝ պետք է փաստենք, որ կառավարությունը մի տեսակ շտապողականությամբ ու կասկածելի արագությամբ պառլամենտ է ուղարկել խնդրահարույց նախագծերի հերթական փաթեթը` այդ կերպ փորձելով մինչև տարեվերջ աչքից հեռու անցկացնել և Սահմանադրությանը համապատասխանեցնել օրենքները:
Ինչևէ, առաջիկա օրերին ներքաղաքական բոլոր վեկտորներն ուղղված կլինեն դեպի խորհրդարան և այնտեղ ընթացող քննարկումներն ու քվեարկությունները: