Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ միասին հանդիպել է ճանաչողական այցով Երևան ժամանած Մոլդովայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության անդամներին, որոնք ներկայացնում էին Մոլդովայի զբոսաշրջային ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ու հասարակական հատվածները:
Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանի զբոսաշրջային զարգացման հիմնական ուղղությունները, հատկապես միջոցառումային զբոսաշրջության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, ենթակառուցվածների զարգացման, հյուրանոցաշինության, ներդրումային ծրագրերի և միջազգային համագործակցության համատեքստում:
Մոլդովայի պատվիրակության անդամներն հիացմունք են արտահայտել Երևանի՝ քաղաքային զբոսաշրջության ոլորտում գրանցած հաջողությունների վերաբերյալ:
Առանձնակի կարևորելով Երևանի և Քիշնևի միջև առկա ջերմ հարաբերությունները՝ կողմերը փոխանակել են անհրաժեշտ տեղեկատվություն՝ նախանշելով հետագա հնարավոր համագործակցության եզրերը: