Ապրիլի 7-ին մեկնարկեց մայիսի 5-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ի՞նչ կտա այն հասարակությանը, կփոխի՞ արդյոք հասարակական տրամադրությունները, որևէ էական ազդեցություն կունենա՞ ընտրությունների արդյունքների վրա, թե՞ կմնա որպես նախապես որոշված արդյունքների արդարացման համար կազմակերպված քաղաքական շոու:
Առաջին փաստը, որը պետք է արձանագրել այս առումով, այն է, որ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը արդեն մի շարք կուսակցություններ, ընդ որում՝ և իշխանական, և ընդդիմադիր, սկսել էին նախընտրական ակտիվ արշավ, և այս առումով առավելությունը իշխանական կուսակցությունների կողմն էր, որոնք օգտագործում էին ոչ միայն իրենց վարչական ու ֆինանսական ռեսուրսները, այլև հեռուստաեթերն ու բոլոր հնարավոր զանգվածային լրատվամիջողները:
Երկրորդ փաստը, որն առավել էական է, քան առաջինը, այն է, որ նախընտրական քարոզարշավը, Հայաստանում ձևավորված ավանդույթի համապատասխան, այս ընտրությունների ընթացքում ևս անխուսափելիորեն ընկալվելու է որպես՝ արդեն նախապես որոշված արդյունքների արդարացման համար անհրաժեշտ քաղաքական շոու, որի նպատակը ոչ թե հասարակության այս կամ այն խավի հետ քարոզչական աշխատանքն է, ոչ թե այս կամ այն գաղափարի կամ կուսակցական ծրագրի ներկայացումը, այլ հեռուստաեթերի ու բնակչության աչքերի ու ականջների այնպիսի օկուպացիան, որից հետո բնակիչները ստիպված կլինեն ընդունել, որ հենց այդ կուսակցություններն են հաղթող, էլ ո՞վ պիտի լինի, եթե ոչ նրանք։ Ընդ որում, պետք է արձանագրել նաև, որ այսպես մտածում են ոչ միայն իշխանական կուսակցությունները, որոնք, ըստ ամենայնի, հավաստի տեղեկություններ ունեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այլ ընդդիմությունը, որին տրվելու է պայմանական հակառակորդի՝ ոչ պակաս կարևոր գործառույթ, որը հայաստանյան ընդդիմության համար բավականին հասկանալի և փորձված դեր է։ Ահա այսպես. և այսքանից հետո, այսօրվանից հայ ընտրողին և իշխանական, և ընդդիմադիր կուսակցությունները սկսելու են համոզել, որ նրանից ինչ–որ բան է կապված՝ հաստատապես իմանալով, որ նրանից կախված է միայն մեկ բան. ճանաչել, որ ինքը ստրուկ է ու ենթարկվել տերերին։ Մնացածը լռություն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/442743019151442
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել