Սա պատմական համարժեք վերլուծության, այլ ոչ թե գաղափարական անիմաստ կռիվների հարց է: 
Նախ՝ ԵՀՊ-ի որպես գաղափարախոսությունների բախման մասին պատկերացումը կապ չունի պատմության հետ, այլ պատմության «հնդկական կինո», այլ կերպ ասած՝ քարոզչական մասն է: ԵՀՊ-ն՝ Առաջին համաշխարհայինի շարունակությունն էր, այսինքն՝ նախևառաջ գերմանա-անգլիական բախումն էր գերակայության համար: Մնացածը՝ դեմոկրատիա, նացիզմ, կոմունիզմ սրա լյա-լյա-լյու-լյու քնարական մասն է (ռուսների դերը չեմ հիշատակում, որ շատ չերկարի): 
Ովքե՞ր էին ԵՀՊ-ի ժամանակ համագործակցում Գերմանիայի հետ: Այս հարցի պատասխանը մինչև չունենանք, մեր հայկականին չենք կարող գալ: Գերմանիայի պաշտոնական դաշնակիցներին հանած՝ Ռումինիա, Հունգարիա, Իտալիա և այլն, Գերմանիայի գրավված երկրներում դրանք հետևյալ խմբերն էին: 
1. Նրանք, ովքեր ստիպված էին համագործակցել: Երբ երկիրդ գրավվում է, ապա բոլորը չեն կարող դառնալ ազգի հերոս: Երկիրը պետք է ապրի, մարդիկ պիտի գնան գործի, երեխեքը՝ դպրոց, հիվանդները՝ հիվանդանոց և այլն: Մեկը պետք է կառավարի երկիրը: Օրինակ՝ Ֆրանսիայում Վերդենի հերոս մարշալ Պետենը վերցրեց իր վրա այդ դերը՝ Ֆրանսիայի կառավարման դերը գերմանական հսկողության տակ: Պատահական չէ, որ չնայած Պետենին դատեցին որպես դավաճանի, բայց երբեմնի նրա ենթակա Դը Գոլը, պատերազմից հետո էլ ընդգծված հարգանքով էր վերաբերվում նրա հիշատակին: Նույնը՝ մյուսները, այդ թվում՝ սոցիալիստ Միտերանը: 
2. Մարդիկ, որոնք իրենց համարում էին գաղափարակից նացիստներին: Դրանք կային այն ժամանակ բոլոր եվրոպական երկրներում: Նույն Ֆրանսիայում բազաթիվ ինտելեկտուալներ և գործիչներ: Դրանց մեջ մոնարխիստներից մինչև նախկին կոմունսիտներ, մի ամբողջ սպեկտոր մարդկանց և գաղափարների: Այս թեմաները պետք է իմանալ դրանց մասին խոսելուց առաջ:
 
3. Փոքր ազգերի ներկայացուցիչները, որոնք հույս ունեին իրենց անկախությունը պաշտպանել գերմանացիների հետ համագործակցելով՝ խորվաթներ, սլովակներ և այլն: Սրանց թվում՝ նաև սովետական միության ժողովուրդներից:
 
4. Առանձին պետք է հիշենք ռուսներին: Աննախադեպ մեծ թիվ են ռուսները, այդ թվում՝ կազակները, որոնք կռվել են գերմանացիների կողմից ՍՍՀՄ դեմ: Նման բան այլ նախադեպ ռուսական պատմությունը չունի: Ստույգ թվերը էդքան էլ պարզ չեն, որովհետև դա թեժ կռիվների առիթ է, բայց, համենայն դեպս, գերմանացիների կողմից կռվող ռուսների թիվը հաստատ ավելի շատ է եղել, քան հայերի, վրացիների և մյուսների: Սրանց բոլորին համարել ֆաշիստ կամ նույնիսկ դավաճան կարող է միայն շատ կողմնակալ մեկը: 
Սա ընդհանուր պատկերն է: Հիմա հայկականը: 

1. Առաջին աշխարհամարտի փորձը հուշում էր, որ հայերի համար աղետալի հետևանքներ ունեցավ Անտանտին միակողմանի աջակցությունը 1914-18 թթ.-ին: Կար ընդհանուր գիտակցություն, որ այս անգամ պետք է լինի տարբերակված մոտեցում: Եվ այդպես էլ եղավ՝ հայերն աշխատեցին պատերազմող երկու կողմերի հետ էլ ու լավ էլ արեցին: 

2. Գրեթե ամբողջ Եվրոպան 1941-ի դրությամբ կա՛մ գրավված էր գերմանացիների կողմից, կա՛մ գերմանական դաշնակիցներն էին: Այս պարագայում պատկերացնել, որ Եվրոպայում ապրող հայերը, իսկ դրանք մեծ թիվ էին, կարող են ձեռքերը ծալած նստել, չեզոք դիրք գրավել կամ էլ առավել ևս՝ պայքարել նացիզմի դեմ, նշանակում է բացարձակ չպատկերացել իրավիճակը: Երևի թե մարդիկ պատկերացնում են, որ հանուն գերմանա-անգլիական աշխարհակալան կռվի Եվրոպայի հայերը պետք է քայլով մարշ անեին դեպի համակենտրոնացման ճամբարներ:
 
3. 1940-41 թվերին դեռ կար այն պատկերացումը, որ Թուրքիան հակված է միջամտել պատերազմին Անգլիայի կողմից: Սրա մասին կա և Չերչիլի հուշերում: Մշակվում էին ռազական համապատասխան պլաններ երկու կողմից: Գերմանացիների հաղթանակները Բալկաններում կանխեցին այս զարգացումը:
 
4. Գաղափարական մասը: 30-ականներից Նժդեհի քարոզած ցեղակրոնության և «ֆաշզիմի» կապը որևէ գիտական քննության, որքան գիտեմ, ենթարկված չէ: Չեմ էլ կարծում, որ Հայաստանում կա մեկն, ով ի զորու է դա անել պատշաճ մակարդակով: Այնպես որ, այդ հարցը պետք է թողնել ապագային: Նման քննությունը շատ ավելի լուրջ խնդիր է, քան ոմանք կարծում են: Ֆաշիզմը ոչ այնքան գաղափարական երևույթ էր, որքան իր ժամանակի զանգվածային քաղաքական շարժում, որոշ չափով՝ անորոշ սահմանների ինտելեկտուալ մոդա: Չկա միասնական «ֆաշիստական» ուսմունք, ինչպես, օրինակ, մարքսիզմի դեպքում: Այս հարցի շուրջ կա ահռելի գիտական գրականություն: Եվ Շտրիլիցի մասին կինոյով այս բարդ խնդրի շուրջ դատողները պարզապես ի ցույց են դնում իրենց անտեղյակությունն ու մանկամտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել