Գործադիրը հաստատել է Պետական գույքի կառավարման 2018-2020 թթ. ծրագիրը: Այն պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով:
Ծրագրով, մասնավորապես՝ նախատեսվում է 2018 թ.-ից ներդնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու, արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու նոր գործիքակազմ:
Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգն արդիականացնելու նպատակով 2018 թ-ին հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային համակարգի: Պետական գույքի վաճառքի գործընթացում կներդրվեն առավել արդյունավետ ժամանակակից մեթոդներ և գործիքակազմ: Մասնավորապես, 2018թ. օտարման ենթակա գույքի վաճառքը կիրականացվի նաև էլեկտրոնային աճուրդների միջոցով:
«Այս ծրագիրը կարելի է համարել պետական գույքի կառավարման ոլորտում ամբողջական բարեփոխումների ծրագիր, որտեղ ամփոփված են ՀՀ Նախագահի և վարչապետի բոլոր հանձնարարականները», - նշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագիրը և նշել, որ անհրաժեշտ է հետևողական առաջ շարժվել:
Կառավարությունն ընդունել է նաև «Գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող վարչական շենքը և կաթսայատունը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասն օտարել մրցույթով:
Մրցույթի հաղթողը պետք է վճարի նաև շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը (100 տոկոս)՝ 30 420 000 ՀՀ դրամը: Սահմանվել է նաև, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 60 տոկոսից: Հաշվի առնելով շենքի ներկայիս վիճակը նախագծով սահմանվել է նաև, որ գնորդը պարտավոր է շենքի շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 1.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: