Երեխաները ցանկալի և սպասված են յուրաքանչյուրի կյանքում, առավել ևս աստղերի, որոնց երեխաների լույս աշխարհ գալուն ուշի ուշով հետևում է նաև ողջ հանրությունը, այդ թվում նաև` լրատվամիջոցները: Վերջիններս էլ պայքար են մղում աստղերի երեխաների լուսանկարները հրապարակելու բացառիկ իրավունքը ձեռք բերելու համար` ծախսելով աստղաբաշխական գումարներ: Այդ լուսանկարների միակ արժեքը դրանց բացառիկությունն է, ինչի շնորհիվ բարձրանում է տվյալ լրատվամիջոցի հեղինակությունը, նրա պահանջարկն ու վաճառքը:

Կարդա և կիմանաս, թե որքան արժեն արտասահմանցի աստղերի երեխաների լուսանկարները:

 

 Անջելինա  Ջոլի և Բրեդ Փիթ

Աստղային այս զույգը չի դադարում աշխարհը ցնցել նոր  «քաջագործություններով»:Նրանց երկվորյակների` Վիվիեն-Մարշելինի ու Նոքս-Լեոնի լուսանկարների համար  «Hello» և  «People»  ամսագրերը վճարել են 14 միլիոն դոլար` գերազանցելով մինչ այդ նորածինների լուսանկարների համար վճարված բոլոր ցուցանիշները: Այդուհանդերձ, Ջոլիի ու Փիթի` երեխաների լուսանկարները վաճառելու փորձն այսքանով չի սահմանափակվում: Նրանց դստերը`  Շայլո Նուվելին, լուսանկարելու բացառիկ հնարավորություն ստանալու համար նույն  «People»-ը զույգին վճարել է 4.1 միլիոն դոլար:

Բայց սա էլ ամենը չէ: Անջելինան Վիետնամից որդեգրած իր զավակի` Պակս Տիենի, լուսանկարի համար «People»-ից գանձել է 2 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ Ջոլին այժմ բազմազավակ մայր է և ունի վեց երեխա, որոնցից երկուսը՝  Կամբոջայից և Եթովպիայից որդեգրած:

Ի դեպ, երկվորյակների ծնվելուց հետո Անջելինան խոստացել է, որ սրանով չի սահմանափակվելու և ապագայում կրկին մի քանի երեխա է ունենալու:

 

 Ջենիֆեր Լոպես և Մարկ Էնթոնի

Նրանց բալիկները` Մաքսն ու Էմմին, «People»-ի կողմից  «գնահատվել» են 6 միլիոն դոլար: Թե ինչով են Մաքսն ու Էմմին զիջում Ջոլի-Փիթ զույգի երկվորյակներին, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ երեխաների գնահատման հարցում ամսագիրը հստակ չափանիշներ չունի: Հնարավոր է նաև, որ գնահատվում են ոչ թե երեխաները, այլ նրանց ծնողների հեղինակությունը, պահանջարկն ու հայտնիության աստիճանը: Ջենիֆերն այժմ իրեն աշխարհի ամենաերջանիկ կինն է համարում: Պատճառը ոչ թե  «People»-ի վճարած 6 միլիոնն է, վերջին  «Գրեմմի»-ները կամ  «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության անվանակարգերում հայտնվելը, այլ նրա երկվորյակները, որոնց Ջեյ Լոն անհամբեր սպասում էր հղիության մի քանի ընդհատումներից հետո: Երջանիկ մոր գլխում հիմա նոր ֆիլմում նկարահանվելն ու նոր ձայնասկավառակ ձայնագրելն է:

 

 Քրիստինա Ագիլերա և Ջորդան Բրեթման

Քրիստինան և պրոդյուսեր  Ջորդանը ամուսնացել են 2005-ին: Երջանիկ ծնողների առաջնեկը` Մաքսը, մինչ ծնվելն անկախ իր կամքից, դեռևս մայրիկի փորիկում, միանգամից հայտնվեց  «Marie Claire»  ամսագրի շապիկին: Մաքսի ծնունդը նույնպես չվրիպեց մանուկների լուսանկարների  «որսով» զբաղվողների աչքից: Ծնվելուց օրեր անց Մաքսն ու Քրիստինան հայտնվեցին  «People»-ի շապիկին, իսկ երջանիկ ծնողների ընտանեկան բյուջեն համալրվեց ևս 1,5 միլիոնով: Ամսագիրը մի քանի օրում սպառվեց, իսկ լուսանկարները տարածվեցին բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով:

 

 Ջեսիկա Ալբա և Քեշ Ուորեն

Դերասանուհի Ջեսիկա Ալբան և հայտնի պրոդյուսեր Քեշ Ուորենը ծանոթացել են 2005-ին` «Ֆանտաստիկ քառյակը» հայտնի ֆիլմի նկարահանման հրապարակում: 2008-ի  մայիսի 19-ին նրանք միացան քաղաքացիական ամուսնությամբ: Շաբաթներ անց լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը: Հոլիվուդյան աստղային այս զույգի դստեր` Օնոր Մարի Ուորենի լուսանկարների հրապարակման բացառիկ իրավունքը ձեռք բերելու համար «OK» ամսագիրը վճարել է 1,5 միլիոն դոլար:

Ջեսիկան խոստովանում է, որ դստեր անունը հատուկ է ընտրել: Նրա անունը անգլերենից թարգմանաբար նշանակում է փառք, արժանապատվություն և հպարտություն: Այնպես որ, ապագայում սպասենք նոր գերաստղի:

 

Ջեմի Լինն Սփիրս և Քեյսի  Օլդրիջ

Ճանաչված քույր ունենալն ԱՄՆ-ում բավական է միլիոնատեր դառնալու համար: Հենց այդպես էլ եղավ փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսի քրոջ` Ջեյմի Լինն Սփիրսի հետ, ում առաջնեկի` Մեդդի Բրայանի համար «OK» ամսագիրը վճարեց 1 միլիոն դոլար: Թերթերը գրում են, որ չնայած իր երիտասարդ տարիքին` դերասանուհի Ջեյմին ունի մայրական բնազդ և երեխային խնամելու անհրաժեշտ հմտություններ: Հենց մայրական բնազդն էլ առաջնորդեց նրան երկար ժամանակ աղջկան զերծ պահելու պապարացցիական հարձակումներից: Ի վերջո, իրեն երկար «թանկացնելուց» հետո Բրիթնիի քույրը հանձնվեց և աշխարհին ծանոթացրեց Սփիրսների սկանդալային ընտանիքի նոր անդամի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել