Ստացվել է այնպես, որ սկսած 2008 թվականից, այն է՝ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ՀՀ արտաքին քաղաքականության հարցում վերջինս չի հաջողացրել հանրային համակրանք շահել։ Դա բոլորովին չի նշանակում, որ որոշումները սխալ են եղել. պարզապես կա՛մ Սարգսյանը հավես չի ունեցել ավելի անկեղծ գտնվելու հանրության հետ, կա՛մ էլ լեգիտիմության պակասը կաշկանդել է նրան ավելի բաց լինել հանրային շփումներում ու, առհասարակ, քաղաքականություն իրականացնելիս։
Այն, ինչ տեղի ունեցավ 2013 թվականին, միշտ էլ հիշվելու է որպես մեկ օրում կայացրած որոշում։ Հայաստանի արևմտյան շրջանակները միշտ էլ դա, այսպես ասած, «դնում էին» Սարգսյանի ու յուր թիմի դեմը, թե՝ տեսեք, Ռուսաստանը մեկ օրում ձեզ ճնշեց, չկարողացավ հանդես բերել համապատասխան ինքնուրույնություն, ճկունություն, ու անդամագրվեցինք ինչ-որ ամորֆ մարմնի՝ ԵԱՏՄ անունով։
Դե, արի, Սարգսյան, ու բացատրի, որ այդ հարցը քննարկման, հանրաքվեի, չգիտեմ էլ ինչի դնելու դեպքում Հայաստանի բնակչության 80 տոկոսը ոչ միայն հավանություն էր տալու, այլ Ռուսաստանի երկրամաս դառնալու պատրաստակամություն էր հայտնելու։ Արդյունքում կայացվեց որոշում, որը նեղ կաբինետային կտրուկ որոշում էր, բայց, մեծ հաշվով, այլընտրանք չուներ։ Դա գիտեին նաև եվրոպամետները, որոնք, սակայն, պարզ է՝ դա օգտագործելու էին Սերժ Սարգսյանի ու Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ, ինչպես գիտեք, հենց Եվրամիությունը։
Ինչևէ, չշեղվենք օրակարգից։ Սարգսյանի առաջին փորձը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ու տխրահռչակ ֆուտբոլային քաղաքականությունն է։ Այն իրապես կարող էր վերածվել շռնդալից հաջողության, սակայն, ինչպես ասում են, չհաջողվեց ճեղքել թուրք-ադրբեջանական պատնեշը, և շատ արագ չեզոքացվեց․ արձանագրություններն այդպես էլ մնացին մատյանում՝ չվավերացվելով պառլամենտների կողմից։ Դրան դեմ եղավ Թուրքիան։ Ու այս պարագայում, երբ ավարտվում էր Սարգսյանի նախագահությունը, կարող ենք արձանագրել, որ Եվրոպայի հետ շրջանակային համաձայնագիրն ամեն կերպ պետք է ստորագրվեր թեկուզ նախագահի իմիջի պահպանման համար։ Սա նրա անձնական հարցն էր, ինչը և հաջողությամբ կատարեց։