ՀՀ-ն վերջին տարիների ընթացքում միջազգային քաղաքական և տնտեսական վայրիվերումների համատեքստում ձգտում է պահպանել որոշակի հավասարակշռված կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս ապահովելու ինտեգրման հնարավորությունները և համագործակցությունը տնտեսական տարբեր միավորումների հետ: Այդ առումով լրացուցիչ քաղաքական և տնտեսական ազդեցությունները բացառելու նպատակով ՀՀ-ն 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարեց «Մաքսային միությանը» միանալու պատրաստակամության մասին` միաժամանակ հայտնելով ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության և տարիներ առաջ սկսված գործընթացները շարունակելու շահագրգռություն, որն օրերս իր արտացոլումը գտավ նաև ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմամբ: Մինչ օրս ԵԱՏՄ-ին անդամացելու որոշման վերաբերյալ կան հակասական տեսակետներ:
Վերջին շրջանում քաղաքական դաշտում ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցում առավել շահագրգիռ է «Ելք» խմբակցությունը, որի նախաձեռնությամբ էլ նախօրեին ԱԺ-ում անցկացվեցին լսումներ: Ինչպես և կանխատեսվում էր, լսումների մասնակցող անձանց գերակշիռ մասն արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերն ու վերլուծաբաններն էին, կային նաև արևմտյան գրանտային աղբյուրների շահերը ներկայացնող «քաղհասարակության սեկտորի» ներկայացուցիչներ:
Իրականում ՀՀ` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծն ի սկզբանե ավելի շատ պրոտոկոլային «գործողության» էր նման, քանի որ նույնիսկ նախաձեռնողներն են լավ հասկանում, թե ինչու հնարավոր չէ ԵԱՏՄ-ին չանդամակցել, կամ ինչու Հայաստանը չի կարող միայն մեկ ուղղությամբ շարժվել: Եվ եթե տարիներ առաջ եվրոպամետների աղմուկն ավելի պայծառ ապագա ունենալուն էր նման, ապա Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ԱԺ-ում կազմակերպված երեկվա քննարկումն իրականում հանգիստ կարելի էր ժամանակավրեպ համարել:
Լսումների ընթացքում շեշտվում էր, թե այն կապ չունի մի քանի օր առաջ ստորագրված ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի հետ։ Պետք է փաստենք, որ քննարկումն անցավ բավականին արհեստական և ավելի շատ հիշեցնում էր հուզական երեկո` ողողված պաթետիկ ճառերով ու կոչերով: Այնպիսի տպավորություն էր, թե այս լսումներն ուղղակի կազմակերպված էին տեղեկատվական դաշտում կեղծ օրակարգ պահպանելու համար:
Նախքան ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը ՀՀ քաղաքական գործիչներ և վերլուծաբանա-քաղաքագետների պատկառելի բանակ հռետորական ելույթներով քարոզում էին, թե ինչ վատ սովորություններ ու երևույթներ կարող են մուտք գործել Հայաստան ԵՄ անդամակցությամբ, և հետևողականորեն պայքարել են Հայաստանի ժողովրդավարացման համար՝ հռչակագրի ստորագրումից հետո:
Մի քանի դիտարկումներ այս հարցերի հետ կապված:
Այն հանգամանքը, որ ՌԴ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորն է, փաստ է. որքան էլ որոշ մարդիկ պարբերաբար շեշտում են, թե անցանկալի է 102-րդ ռազմաբազայի առկայությունը Գյումրիում, ակնհայտ է, որ դա միակ զսպողական հակակշիռն է հայ-թուրքական սահմանին (հենց նման կերպ է կանխվում թուրքական 3-րդ բանակի հնարավոր ռիսկերը):
Զենքի վաճառքի հետ կապված. ՀՀ-ն պատերազմող երկիր է, ՌԴ հետ հարաբերությունների հիմքերը խախտելու պարագայում հնարավոր ագրեսիայի դեպքում որտեղի՞ց ենք ստանալու զենք՝ ԵՄ-ի՞ց, թե՞ ԱՄՆ-ից: ԱՄՆ-ն քանիցս հայտարարել է, որ զենք չի վաճառում կոնֆլիկտի հակադիր կողմերին, իսկ ԵՄ-ն մի քանի պետությունների միավորում է, որտեղ բախվում են 28 պետության շահ, ասել է, թե՝ այստեղ ևս աջակցությունը հասցված է մինիմումի: Այն փաստ, թե ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին. Ադրբեջանը զենք է ձեռք բերում ոչ միայն ՌԴ-ից, այլ նաև Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից, ինչպես նաև եվրոպական պետությունների կողմից` միջնորդավորված:
Տնտեսական առումով նույնպես կան լուրջ փաստարկներ, հատկապես կապված արտահանումների հետ. եթե արտահանվող ապրանքների շարքից հանեք հանքարդյունաբերությունը, մյուս բոլոր ապրանքների գրեթե բացարձակ մեծամասնությունն արդահանվում է ՌԴ և ԵՏՄ տարածք: Հանքարդյունաբերությունն այնպիսի մի ոլորտ է, որտեղ էական չէ, թե որտեղ է այն արդյունահանվում` Չադ, Զիմբաբվե, թե ՀՀ կամ Ավստրալիա, արտահանվում է ըստ պահանջի, իսկ մնացած ապրանքների դեպքում առկա են շոշափելի խնդիրներ` որակի և ապրանքի ծագումնաբանության հետ: Եթե հաշվի առնենք, որ մեր ապրանքները չեն համապատասխանում ԵՄ պահանջներին, նշանակում է՝ միանշանակ, ճիշտ չէ կուրորեն գոռալ միայն մի ուղղությամբ:
Հետադարձ հայացք ձգելով ԵՄ անդամագրված նախկին ԽՍՀՄ և սոցիալական ճամբարի երկրներին` տեսնում ենք, որ ապրանքների իրացման որակի հետ կապված նրանք նույնպես ունեցել են խնդիրներ: Իսկ հարևան Վրաստանի պատմությոունը բոլորովին թարմ է: 2008-ից հետո վրաց-ռուսական հարաբերությունները զրոյականացան, առկա էր լուրջ քաղաքական խնդիր. վրացական գինու, պանրի և հանքային ջրերի արտահանումը 3 անգամ անկում ապրեց, անկում գրացվեց նաև զբոսաշրջության բնագավառում: Ինքան էլ ԵՄ կողմից առկա էր շահագրգռվածություն, այնուամենայիվ, վրացական ապրանքները եվրոպական շուկանում չինտեգրվեցին: Վերջին շրջանում ՌԴ հետ հարաբերությունների վերականգնումից հետո միայն գինու արտահանման ծավալների դարձյալ աճ նկատվեց:
Ոչ ոք չի գովաբանում ԵՏՄ և թերագնահատում ԵՄ-ն, ուղղակի ունենք գերկարևոր խնդիր՝ անվտանգություն, ուստի ներկայիս վարած քաղաքականությունն ունի տրամաբանված ենթատեքստ` ԵՏՄ-ն՝ ստրատեգիական, ԵՄ-ն` ռազմավարական:
Այնպիսի տպավորություն էր, որ օրենսդիր էին եկել մի խումբ մարդիկ, ովքեր բավականին տևական ժամանակ տենչացել են ԱԺ-ում հայտնվելու և երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը գրկած ճառելու, և նրանց վաղեմի երազանքն իրանակացել էր:
Հ.գ. Որ ԵԱՏՄ-ն դեռևս լիարժեք չի արդարացրել ակնկալիքները, որոևէ մեկը չի ժխտում: Առևտրատնտեսական ոլորտում ինտեգրման հարաբերություներն առայժմ հարթ չեն ընթանում հատկապես միության անդամ մյուս երկների հետ: Սակայն դա ամենևին չի նշանակում, թե այդ կառույցը սպառել է իրեն: