Դրամի ձևավորման ձախողված մրցույթ
Vahan Balasanyanը շատ հետաքրքիր թեմա է բարձրացնում (https://www.facebook.com/groups/400584303357731/permalink/1515696138513203/):
Իսկ սրանք այն տարբերակներն են, որոնք ներկայացված են դրամի ձևավորման մրցույթին՝ http://www.panarmenian.net/arm/news/249090/, ու ասեմ, որ եթե այս տարբերակները ներկայացվեին համակարգչային դարի առաջին տարիներին, միգուցե համարվեին միջին որակի, ոչ շատ վատ տարբերակներ: Այսօր սրանք առնվազն խայտառակություն են, ու ամոթ կլինի սրանք հանրությանը ներկայացնել որպես մեր պետության պետական թղթադրամ:
Կարելի է մեղավորներ փնտրել ու գտնել. մրցույթը կազմակերպողները չեն տեղեկացրել բավակայն լայն շրջանակներին, կամ հակառակը՝ նեղ՝ դիզայներական հանրությանը, մրցույթի մասին, ու շատերը տեղյակ չեն եղել, խնդիրը միգուցե դրված չի եղել նորմալ, դիզայներները վատն են, ծույլ են, հաբրգած են, չգիտեմ՝ էլ ինչ կարելի է գտնել, բայց ասեմ, որ կա մինչ այս ամենը մեկ այլ պատճառ, որը կներկայացնեմ ստորև:
Լավ դիզայնը պահանջում է լիարժեք նվիրում: Լավ ձևավորում ստանալու համար պետք է թեման ուսումնասիրել մանրամասն, միտքը ձևակերպել, ստեղծել կառուցվածք, նկարազարդումներ, հասկանալ ոճը, լուծել տիպոգրաֆիկայի հետ կապված խնդիրները, ստացած կառուցվածքի շրջանակներում ստեղծել միջանկյալ տարբերակ, ուղղել կոմպոզիցիոն խնդիրները, ներկայացնել դիզայնը թեստավորման, այս դեպքում՝ հանրային քննարկման միգուցե, ուսումնասիրել վերաբերմունքը, կարծիքները հավաքագրել ու ձևավորել վերջնական տեսքը: Նման կարգի աշխատանքը պահանջում է կա՛մ մի աշխատանքային խմբի մի քանի շաբաթ մանրակրկիտ աշխատանք, կա՛մ մեկ փայլուն մասնագետի ներգրավում, ով կիրականացնի արտ ղեկավարի, դիզայների, նկարազարդողի ու նախատպագրական աշխատանքները ու ով կհատկացնի այս ամենին զգալի ժամանակ ու առողջություն, մի կողմ կդնի սեփական աշխատանքը, որի համար վճարվում է կամ աշխատանքից հետո օրեր շարունակ կփորձի ստեղծել գրագետ ու աշխատող ձևավորում մրցույթի մասնակցելու համար: Ու այս ամենը հաշվի առնելով՝ իր տարբերակը միգուցե չի էլ հաստատվի, քանի որ կարող է շահել, իսկ կարող է՝ ոչ: Այստեղ դեռ մեծ հարց է՝ ովքեր են դիտարկելու ներկայացված տարբերակներն, ու պատրաստվածության ինչ մակարդակ ունեն նրանք:
Ու սա է պատճառը, թե ինչու որևէ մրցույթ, եզակի բացառություններով, իհարկե, չի կարող է ունենալ լավ արդյունք: Ուզում ենք ունենալ թղթադրամների լավ ձևավորում, կապվեք լավ մասնագետների հետ, ձևակերպեք գրագետ ու մանրամասն խնդիրը, վճարեք դրա համար ու ստացեք լավ արդյունք, այլապես կունենանք այն, ինչ ունենք՝ լավ մասնագետների կողմից արագ, շըփ-թըփ արված աշխատանք (եթե լավ մասնագետն, իհարկե, ցանկանա մասնակցել մի տարբերակով, որն արված է, ինչպես ասացի, շըփ-թըփ) կամ սկսնակ, ոչ պրոֆեսիոնալ մասնագետների փորձնական աշխատանքների տարափ, որոնք այնքան տխուր որակ ունեն, որ չգիտես՝ որտեղից սկսես քննադատել:
Կա՛մ մենք կհասկանանք սա ու կդադարենք լուրջ աշխատանքի համար դիմել հանրությանը արագի մեջ անվճար տարբերակներ ներկայացնելու համար, որոնցից կընտրվեն «լավագույնները», կամ կունենանք այն, ինչ ունենք: