Օրերս Բրյուսելում տեղի կունենա ԱլԳ գագաթնաժողովը, որը Հայաստանի համար հանարավորությունների նոր առիթ կընձեռի իր համագործակցությունն ավելի խորացնելու եվրոպական ընտանիքի հետ: Փորձագիտական շրջանում տարբեր կարծիքներ ու տեսակետներ կան այն հարցի վերաբերյալ՝ կստորագրի ՀՀ-ն այդ համաձայնագիրը, թե՞ այն կարժանանա 2013-ի ճակատագրին:
2010 թվականից Հայաստանը ԵՄ հետ բանակցում էր Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ։ 2013 թվականի սեպտեմբերին, սակայն, մոտ երեք տարվա բանակցություններից հետո շատերի համար անսպասելիորեն նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված ԵՏՄ-ն։
Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին Վլադիմիր Պուտինի հրավերով Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց ՌԴ, որից անմիջապես հետո հայտարարվեց ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության մտադրության մասին։ Սա այն գլխավոր ու որոշիչ պատճառն է, թե ինչու Սարգսյանը նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում հրաժարվեց նախաստորագրել ԱՀ-ը։
Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հայտարարեց, որ նախընտրում է «և՛…և՛»-ի քաղաքականությունը: Կարելի է ասել՝ Հայաստանն այս կերպ ցույց տվեց, որ, անկախ ամեն ինչից, չի հրաժարվում ԵՄ-ի հետ մերձենալու քաղաքականությունից և փորձեց հերքել, թե այս որոշումը կայացվել է ՌԴ-ի ճնշման ներքո. Հայաստանի իշխանությունները հերքում էին Ռուսաստանի կողմից իրենց վրա ճնշում գործադրելը։
Հայաստանի օրինակը ՌԴ-ի ուղերձն էր մյուս երկրներին, նախևառաջ՝ Ուկրաինային, որն էլ արդյունքում հրաժարվեց Վիլնյուսի գագաթնաժողովում ԱՀ-ի պլանավորված ստորագրումից: Իսկ ինչո՞ւ ՀՀ-ն ընտրեց ՄՄ-ն։ Դա հասկանալու համար պետք է որոշ հետևություններ անել 2013թ. այն անուղղակի ուղերձներից, որոնք ՌԴ-ն հասցեագրեց ՀՀ-ին։ Դրանք առնչվում են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տնտեսական ոլորտին:
Մի քանի դիտարկում Ուկրաինայի մասով: 2013-ի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական նպատակը երկիրը բացահայտ եվրաինտեգրացման տանելն էր, ինչը հետագայում տեղի ունեցավ, այս դիրքրոշումն ակնհայտ հակասում էր ՌԴ աշխարհաքաղաքական շահերին, քանի որ ՌԴ դիրքերն արևելաեվրոպական սեգմենտում կտրուկ անկում էր ապրելու: 2013-ին Յանուկովիչը հայտարարեց, որ Վիլնյուսում չի ստորագրի ասոցացման պայմանագիրը, ինչին հաջորդեցին Կիևի Մայդանը, այնուհետև՝ արյունալի դեպքերը ողջ երկրի տարածքում: Ի տարբերություն Ուկրաինայի՝ ՀՀ-ում Ասոցացման պայմանագրից հրաժարվելն այդ աստիճան ցավագին ու սվիններով չընդունվեց, այստեղ կային մի շարք լուրջ պատճառներ ու աշխարհատնտեսական գործընթացներ: Կարճ անդրադառնամ դրանցից մի քանիսին:
2013թ. հունիսին ռուսական «Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ում իր աղբյուրը, գրեց, որ Ռուսաստանը սկսել է մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքի մասշտաբային մատակարարումներն Ադրբեջանին՝ տանկեր, հրետանային համակարգեր, հրթիռային կայաններ։ Եվ պատահական չէր, որ ՌԴ-ն Ադրբեջանին զինամթերք տալը պլանավորել էր հենց այդ ժամանակ։ Դրանք պետք է ցուցադրվեին հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված անցկացվելիք զորահանդեսի ժամանակ։
Նույն թվականի հուլիսի 31-ին ռուս սահմանապահի կողմից թուրք հովվի սպանությամբ (հովիվը հատել էր սահմանը) ՌԴ-ն ցույց տվեց, որ իր սահմանապահների միջոցով կարող է լարվածություն ստեղծել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։
2013թ. մայիսի 14-ին «Հայռուսգազարդ»-ը դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ վերանայելու գազի սակագները: Ընկերությունն առաջարկում էր մինչև 10 հազար խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի սակագինը բարձրացնել 67,4%-ով, իսկ խոշոր գազասպառողների համար՝ 61,3%-ով։ «Հայռուսգազարդ»-ն առաջարկում էր բնակչությանը վաճառվող 1000 խմ գազի ներկայիս Դ132 հազ. գինը բարձրացնել մինչև Դ221 հազ., իսկ խոշոր գազ սպառողների համար 1000 խմ գինը սահմանել $392՝ ներկայիս $243-ի փոխարեն: Ընկերության ներկայացված հայտից երևում է, որ վերջնական սպառողների համար գազի թանկացումը պայմանավորված էր ՀՀ համար ռուսական գազի գնի բարձրացումով։
2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում տիրեց անորոշություն, երբ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ ՀՀ նախագահը հայտարարեց ՄՄ-ին միանալու որոշման մասին։ Չնայած 2013թ. ԱՀ-ը չնախաստորագրելու ՀՀ-ի իշխանությունների որոշմանը՝ ՀՀ-ն ու ԵՄ-ը շարունակեցին իրենց քաղաքական ու առևտրային երկխոսությունն այն ոլոտներում, որոնք համադրելի են ՄՄ-ում ՀՀ-ի ունեցած նոր պարտավորությունների հետ։
2017-ի նոյեմբերի 24-ի նախատեսվող համաձայնագրում ազատ առևտրի վերաբերյալ դրույթը բացակայում էր, որն առկա էր նախորդ փաստաթղթում: ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, իր տնտեսական և առևտրային քաղաքականությունը կարգավորովում է ԵԱՏՄ օրենսդրությամբ, սա է այն պատճառներից մեկը, որ ՌԴ-ն այս անգամ այդ աստիճան խորքային ու լարված դիրքորոշում չի ցուցաբերում:
ԵՄ-ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացների դիլեման բավականին արհեստական դրված դիլեմա է: ՀՀ ԵՏՄ-ին անդամակցությունն ունի իր տակ բավականին օբյեկտիվ նախադրյալներ, և այդտեղ ոչ մի անբնական բան չկա: Այլ հարց է, որ դա պետք է չարվեր մեկը մյուսի հաշվին, և այսօր արդեն ավարտված բանակցությունները ԵՄ-ի հետ՝ նոր պայմանագրի հետ կապված, ցույց են տալիս, որ մենք ունենում ենք այնտեղ խորացում այն չափով, որը պատկերացնելի էր, հնարավոր էր՝ չխախտելով այլ միջազգային պարտավորվածություններ: