Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ Լավրովն այսօր հայտարարել է. «Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի»: Նույնը նա ասել էր օր առաջ Բաքվում: Փաստորեն խոսքը գնում է հակամարտության սառեցման և դրանից ելնելով՝ ներկա ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ: Իսկ 96 տարի առաջ, 1921-ին, Արցախի հարցը Ռուսաստանի կողմից բառացիորեն «լուծվել» է մեկ գիշերվա ընթացքում: Հիշեցնենք, որ 1921-ին բացարձակ հայ ազգաբնակչություն ունեցող Արցախը ճանաչվել և դարձել էր Հայաստանի անբաժան մասը, որի մասին Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները 1921-ի հունիսին ընդունեցին համապատասխան դեկրետներ:
Բայց դրանից հետո իրադարձությունները հետևյալ կերպ են զարգացել. «Անտեսելով իրողությունը, 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նունպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով եւ Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը եւ ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու եւ այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որեւէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:
Ներկայացվող մեջբերումը՝ ՀՀ արտգործախարարության պաշտոնական կայքից է: Ու հիմա, 96 տարի անց, ռուսական կողմը փաստորեն պաշտոնապես ընդունում է, որ այս հարցը արագ ու հեշտ, մի գիշերվա ընքացքում լուծվող հարց չէ: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել