Remember, remember, the fifth of November, the gunpowder treason and plot; I know of no reason why the gunpowder treason should ever be forgot.

Հիշեք, միշտ հիշեք նոյեմբերի հինգը, Վառոդի խռովությունն ու դավաճանությունը․ այն երբևէ մոռանալու համար ոչ մի պատճառ չի կարող լինել։

Ամեն տարի նոյեմբերի 5-ին Բրիտանիայում մարդիկ հիշում են այս տողերը և խարույկի  շուրջ հավաքվելով այրում Գայ Ֆոքս անունով մարդու խրտվիլակը՝ այդ կերպ նշելով երկրի պատմության կարևոր իրադարձություններից մեկը։

Անոնիմուսի դիմակը օգտագործվում է բողոքի ցույցերի ժամանակ բոլոր երկրներում (Alex Wong, Getty Images)

Ով էր Գայ Ֆոքսը

Գայ Ֆոքսը 16-17րդ դարերի բողոքական Անգլիայում մի կաթոլիկ ակտիվիստ էր, ով Ջեյմս I արքայի դեմ դավադրության մասնակից էր և պլանավորում էր սպանել վերջինիս՝ 1605թ-ին պայթեցնելով Անգլիական Պառլամենտը։

Գայ Ֆոքսը ցանկանում էր պայթեցնել Լորդերի Պալատը

Ինչու էին ցանկանում վերացնել թագավորին

Էլիզաբեթ թագուհու իշխանության 45 տարիների ընթացքում Անգլիայի կաթոլիկները դաժան հալածանքների էին ենթարկվում պետության կողմից։ Հույսեր կապելով նրան հաջորդող բողոքական արքա Ջեյմս I-ի հետ, կաթոլիկները ժամանակի ընթացքում տեսնում են, որ ոչինչ չի փոխվում։

Ահա ասպես Գայ Ֆոքսը և իր ընկերները որոշում են ֆիզիկապես վերացնել նոր թագավորին և հաջողացնում են 36 տակառ վառոդ տեղադրել Լորդերի Պալատի տակ գտնվող նկուղում։     

Ինչպես դավադրությունը տապալվեց

Իշխանությունները անանուն նամակի միջացով զգուշացվեցին նախապատրաստվող մահափորձի մասին։ 1605թ․ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Պառլամենտի շենքի հրատապ խուզարկության ժամանակ նրանք նկուղներում գտան պայթուցիկի պաշարները ինչպես նաև այն բռնկելու համար հարմար պահի սպասող Ֆոքսին։ Գայ Ֆոքսը և իր ընկերները հետագայում մահվան են դատապարտվում և կախահան հանվում։

Ինչպես խռովությունը այսպիսի նշանակալի պատմական իրադարձություն դարձավ

Զախողված հեղաշրջման փորձից շատ չանցած, ոգևորված Պառլամենտը նոյեմբերի 5-ը ազգային տոն է հայտարարում։ Հաջորդ տարի հակակաթոլիկ տրամադրությունները երկրում շարունակվում են․ օրենք է ընդունվում՝ ըստ որի քաղաքացիներին պարտադրում են մերժել Անգլիայի թագավորի վրա Հռոմի պապի իշխանությունը։ Մի այլ օրենքով էլ Պառլամենտը մարդկանց պարտավորում է նոյեմբերի 5-ը եկեղեցի այցելել։

Վերադառնանք կրակներին․ ինչ է Խարույկների Գիշերը և ինչպես է այն առաջացել

The Independent-ը հաղորդում է, որ 1605-ին մարդիկ տոնում են ձախողած մահափորձը Լոնդոնի շրջակայքում խարույկներ վառելով։ Այդ սովորույթը շարունակվում է մինչ այսօր․ բրիտանացիները ողջ երկրով մեկ կրակներ են վառում, հրավառություններ կազմակերպում և այրում են Ֆոքսի խրտվիլակը։

Ըստ Էության այնպես չէ, որ անգլիացիները ատելով ատում են Գայ Ֆոքսին։ Կարելի է ասել նույնիսկ հակառակը․ նրանք ուրախանում և հիշում են նրա ձախողման պատմությունը։  

Խրտվիլակի այրման արարողությունը հատուկ խանդավառությամբ և հանդիսավորությամբ է իրականացվում Անգլիայի հարավում գտնվող, փոքրիկ և ինքնատիպ Լյուիս (Lewes) քաղաքում։

Այստեղ Հելլոուինի նմանվող՝ աղմկոտ, մարդաշատ փողոցներով ու լապտերների և այրվող պաստառների լիությամբ Խարույկի Գիշերը հաճախ քաղաքականացված է լինում և խրտվիլակները արտահայտում են տեղական և համաշխարհային իրադարձույթյուններն ու ժողովրդի արձագանքը։ 2011-ին, օրինակ, Լյուիսի փողոցներով էին տանում Ուսամա բին Լադենի խրտվիլակը։  

Նոյեմբերի 5-ի ավանադական տոնակատարությունները Լյուիսում (Justin Tallis, AFP/Getty Images)

Ինչու է այն հատկապես Լյուիսում այդքան թափով նշվում  

Գայ Ֆոքսի գլխավորած դավադրության կամ ինչպես այն երբեմն անվանում են՝ Վառոդի Խռովության հիշատակման սովորույթը բաձրացրեց Լյուիսի նշանակությունը։ 1858-ից ի վեր, Լյուիսի մի շարք կազմակերպություններ նոյեմբերի 5-ին փոքրիկ քաղաքի նեղլիկ ու ոլորուն փողոցներով երթերով և հրավառություններով անցնելով հիշում են նաև 17 բողոքական նահատակներին։

Նրանց այստեղ խարույկի վրա այրել էին Հենրի VIII-ի դուստր, Անգլիայի կաթոլիկ թագուհի Մարի Թյուդորի հրամանով։ Ի միջի այլոց, բողոքականների հանդեպ նմանատիպ դաժանությունների պատճառով Մարիա Թյուդորին ժողովուրդը սկսեց Bloody Mary կամ Արյունարբու Մարի կոչել։ Հենց այստեղից է առաջացել համանուն՝ օղիով ու տոմատի հյութով կարմիր կոկտեյլի անվանումը։   

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել