Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՀՀ 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանի ամբիոնից ոստիկանության վերաբերյալ երկու հայտարարություն արեց, որոնք մեկնաբանության կարիք ունեն:
Նախ՝ հարգարժան պատգամավորը հարցադրում արեց, թե ինչու է աճում ոստիկանության ֆինանսավորումը:
Իրականում խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագծով ոստիկանության ֆինանսավորումը 2018 թվականին նախատեսվում է ոչ թե ավելացնել, այլ հակառակը՝ կրճատել 1,3 տոկոսով կամ 544,4 միլիոն դրամով:
Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանի երկրորդ հարցադրմանը, թե բնակչության մեկ շնչին ընկնող թվով Հայաստանի ոստիկանությունը գերազանցում է այլ երկրների, ապա մի քանի օր առաջ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը նույն խորհրդարանում ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ոստիկանությունն օպտիմալ թվակազմ ունի և չի գերազանցում այլ երկրների իրավապահ համակարգերին:
Արտակ Զեյնալյանը, որը նաև փորձառու իրավաբան է, զարմանալիորեն հիմնվում է Կառավարության որոշմամբ գաղտնագրված, այսինքն՝ հրապարակման ոչ ենթակա և անհայտ թվի վրա. այդ դեպքում որքանո՞վ է փաստական նման պնդումը: