Artsakhpress.am-ը գրում է.
Թուրքիայի մեջլիսում մերժվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված առաջարկը, որով կոչ էր արվում հետաքննություն սկսել նոր բացահայտված օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Առաջարկը մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների կողմից դեմ քվեարկելու պատճառով:
Ուշագրավ է, որ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ Paradise Papers-ի բացահայտած օֆշորային սկանդալում Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ հետաքննություն սկսելու հարցով իրենք ևս նոյեմբերի 9-ին պատրաստվում են առաջարկ ներկայացնել մեջլիս:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել ենParadise Papers-ի օֆշորային սկանդալում:
Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:
Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ: