«Փաստ» օրաթերթը զրուցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյանի հետ.

Պարո՛ն Մկրտչյան, կիբերհանցագործությունների ո՞ր տեսակներն են տարածված Հայաստանում: Կա՞ն թիրախավորված խմբեր:

Քանի որ կիբերհանցագործությունները լայն շրջանակ ունեն, թիրախ կարող է լինել յուրաքանչյուրը: Չկա կոնկրետ որեւէ սոցիալական կամ մասնագետների խումբ, որոնց կարող ենք թիրախային խումբ համարել: Որպես այդպիսին թիրախ են անչափահասները, ովքեր տարրական գիտելիքներ չեն ունենում, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսեւորել սոցկայքերում, ինչերից պետք է խուսափել:

ՀՀ–ում ամենատարածված հանցատեսակը համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակությունն է: Օրինակ՝ բանկային քարտերից արվող հափշտակությունը:

Այլ հանցատեսակներ էլ կան, օրինակ՝ շորթումը: Սոցիալական ցանցերը հաճախ շորթման գործիք են դառնում: Պարզ օրինակ բերեմ: Մարդիկ մտերմական հարաբերություններ են ունենում և ինչ–ինչ ճանապարհներով փոխանակում ինտիմ լուսանկարներ: Այդ լուսանկարներն ընկնում են երրորդ անձի ձեռքը, և դրանք չհրապարակելու համար նա գումար է պահանջում:

Վերջին տարիների կտրվածքով կիբերհանցագործությունների ի՞նչ ցուցանիշ ունենք:

Տարեցտարի ՀՀ–ում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը: Պատճառն այն է, որ տարեցտարի մեր առօրյայում ավելանում է բջջային հեռախոսների և տեխնիկայի այլ տեսակների թիվը: Եթե երկու տարի առաջ 75 դեպք էր գրանցվել, ապա անցած տարի 100 դեպք է արձանագրվել: Ամբողջ աշխարհն է կանգնած այդ խնդրի առջեւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել