Մարդիկ կան, որ նրանց պոտենցիալ դասալիք են համարում: Եվ համարում են, որ հանուն տարկետման իրավունքի պահպանման պայքարողների՝ գիտության ու գիտնական դառնալու վերաբերյալ վերամբարձ խոսքերն ընդամենը զինծառայությունից խուսափելու, «թռնելու» բուն ցանկությունն են քողարկում:
Հնարավոր է, այդպես համարողներն այնքան էլ իրավացի չեն: Հնարավոր է, որ ցույցի ելած ուսանողները ոչ թե պոտենցիալ դասալիք են, այլ պոտենցիալ գիտնական: Դասալի՞ք են, թե՞ գիտնական: Էնքան էլ ճիշտ հարցադրում չէ, որովհետև այն կարող է տպավորություն ձևավորվել, թե ով գիտնական է, դասալիք է, ինչն, իհարկե, այդպես չէ: Հնարավոր է, որ ծառայության ընթացքում և՛ օրինակելի զինվորական, ուսյալ սպա կլինեն, իսկ ժամկետային զինծառայությունից հետո և՛ գիտնական կդառնան: Ոչ բոլորն, իհարկե:
Որոշակի իմաստով, իրենք են որոշողը, թե՝ ով են:
Այնուամենայնիվ, մի քանի հարց, այս թեմայի հետ կապված, անխուսափելիորեն ծագում է:
Տարկետման իրավունքից, ինչպես հայտնի է, օգտվում են գերազանցապես անվճար հիմունքներով, այսպես ասած՝ պետպատվերով սովորողները: Վճարովի հիմունքներով սովորողները՝ ո՛չ: Ավելին, կոմերցիոն բուհերի ուսանողներն էլ չեն օգտվում այդ իրավունքից: Եվ ո՞վ է ասել, որ ապագա գիտնականներն ու գիտության հեռանկարային լուսատուները բացառապես հենց միայն պետպատվերով սովորողների շարքում են, իսկ վճարովի հիմունքներով սովորողների մեջ ո՛չ լավ սովորող կա, ո՛չ ապագա գիտնական: Ես հակառակը կպնդեի, նկատի ունենալով, որ մեր օրերում շատ ավելի բարձր են մի շարք վճարովի բուհերի վարկանիշն ու դասավանդման մակարդակը, քան, որքան էլ դա ցավալի է խոստովանել՝ մեր հին, բարի բուհերի:
Ու, ի՞նչ, որքանո՞վ է արդար կամ արդարացված, որ «վճարովիները» պիտի առանց տարկետման իրավունքի գնան, տղամարդավարի իրենց գործն անեն, պաշտպանեն հայրենիքը, տարկետում ունեցողներով հանդերձ, իսկ օրինակ, «պետպատվերով» ընդունվածները՝ ոչ: Կամ, օրինակ, Ամերիկյանի կամ Սլավոնականի գերազանցիկ ուսանողը պիտի ըստ զորակոչի գնա ու զինվորական ծառայության անցնի, իսկ ԵՊՀ-ում պետպատվերով սովորողը՝ ո՛չ:
Ու մի բան էլ:
Գիտե՞ք, մեր օրերի հերոսներից Ռոբերտ Աբաջյանը 2014-ին Երևանի
պետական հենակետային բժշկական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ: Ուսանող էր, այսինքն, երբ զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր ստացավ: Նա ցույցեր չարեց, չասաց, թե՝ բա ինչո՞ւ էսինչն ու էնինչը զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք ունեն, իսկ ինքը չունի...
Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը կա: Պատին: Տարկետման իրավունքը պահպանելու համար հերթական ցույցն անելուց առաջ մի հատ գնացեք, կանգնեք այդ պատի դիմաց ու նայեք Ռոբերտի նկարին: Դա կօգնի ոչ միայն ճիշտ որոշում կայացնել, այլև այնպիսի որոշում կայացնել, որ հետո ձեր խղճի հետ հաշտ լինեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել