Այսօր ԵՊՀ-ում տարկետման դեմ ծավալված դասադուլի ժամանակ մաթֆակի դասախոսներից մեկը հայտարարել է, որ ուսանողների փոխարեն թող ոստիկաններին բանակ տանեն։ Ինքնին ծիծաղելի պահանջ է, դասադուլավորների բողոքն էլ այդքան հասկանալի չէ, բայց եթե ինչ-որ մեկին պետք է տանել բանակ, ապա դա Երևանի քաղաքապետարանի պերսոնալն ու անձամբ Տարոն Մարգարյանն է։
Հետաքրքրական է, որ նույն ուսանողները, ովքեր բողոքում են տարկետումը հանելու դեմ, այսքան ժամանակ մտքներով չեն անցկացրել, որ կարելի է բողոքել, որ իրենց գիտելիքների ու գիտնական դառնալու համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն չի ուղղվում բավարար ֆինանսավորում։ Սա պատճառաբանում են նրանով, որ ինչպես ԳԱԱ նախագահ Ռադիկ Կարապետյանն էր ասել՝ Հայաստանը քոսոտ երկիր է։ Միևնույն ժամանակ, այդ քոսոտ երկիրն, ըստ ամենայնի, ունի շատ բարձրաշխարհիկ մայրաքաղաք ու դրա քաղաքապետարան։ Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում, երբ ուսումնասիրում ես Երևանի քաղաքապետարանի ընթացիկ ու տարեկան անհարկի ծախսերը։
Ասածիս վառ օրինակը կարող եք կարդալ «Ժողովրդի» հոդվածում, որում, մասնավորապես, ասվում է, որ միայն հոկտեմբերին միայն ռեստորանում 13 հոգու պատիվ տալու համար համայնքային բյուջեից ծախսվել է 2 միլիոն դրամ։ Մյուս զարմանալի պահն այն էր, որ կերակրացանկի հատվածական բնութագրից պարզ է դառնում, որ 4 տաք ուտեստ է եղել։ Սա տարակուսանք է առաջացնում, որովհետև նույնիսկ Աֆրիկայի ամեն սովյալ չէ, որ կարող է за раз 4 հիմնական ուտեստով ճաշ ուտել։ Սկզբունքային չէ, բայց կուզենայի տեսնել այդ բոչկաներին, ովքեր նման ախորժակ ունեն։
Ինչևէ, հայտնի՞ է Ձեզ արդյոք, որ Երևանի քաղաքապետարանն ամեն տարի նման հիմար ու լոպազ բաների վրա ավելի շատ փող է ծախսում, քան ՀՀ-ն ծախսում է գիտական հետազոտությունների վրա։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե ուսանողներին բանակ տանելու փոխարեն բանակ ուղարկեն կատաղի պատիվներ տվող ու կոնյակ նվիրելու վիրտուոզ Տարոն Մարգարյանի՞ն՝ յուր պանծալի թիմի ու աշխատակիցների հետ միասին։ Չեմ կարծում, որ բանակին մեծ օգուտ լինի նրանցից՝ չնայած Տարոնի փառահեղ մարտական անցյալին ու 12 տարեկանում ռազմաճակատ զենք հասցնելու սխրանքներին, բայց տարեկան գոնե մի քանի տասնյակ միլիոն խնայողություն կարվի, իսկ այ այդ գումարից ահագին օգուտ կարող է լինել թե՛ բանակին, թե՛ ցուցարար ուսանողներին, թե՛ ոստիկաններին բանակ ուղարկող դասախոսներին։