Հետևաբար, երբ սահմանագծում կասեցվում ու ետ է շպրտվում թշնամին, դա հենց այն կետն է, որտեղ անմիջական մեր տան դուռն ենք պաշտպանում, մեր ծնողներին, կանանց, զավակներին ու մյուս հոգեհարազատ անձանց: Ու ամոթ է, երբ մարդ խուսափում է ինքը պաշտպանել իր մերձավորներին՝ հույսը դնելով, որ ուրիշն իր փոխարեն դա պետք է անի...
Հենց այդպես է պետք գնահատել ու վերաբերվել զինվորական ծառայությանը: Դա բնականոն գործընթաց է, որն անգամ քննելի չէ: Եվ դա արվում է սերունդների համերաշխությամբ: Երեկ դա մենք էինք իրականացնում, այսօր՝ դու, վաղը՝ մեր զավակներն ու թոռները: Չկա անկարևոր անձ պաշտպանության գործում: Չկա անկարևոր տարածք մեր հայրենի պետությունում: Յուրաքանչյուր անձի բացակայությունը թուլացնում է պաշտպանությունը, յուրաքանչյուր կորուսյալ տարածք թշնամուն ավելի է մոտեցնում մեր օջախներին: Սա է իրականությունը:
Հիշեցի հայրենապաշտ մեծ զորավար Գարեգին Նժդեհի խրատականներից մեկը.
«Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև, խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին:
Զինվորների հարցումին՝ «ինչո՞ւ չի դիմադրում», նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում՝ աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար:
Եվ կրնկակոխ շարունակվում է նահանջը: «Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ,- ասում է պատմությունը,- և Տիտոսի լեգեոնները կործանեցին Երուսաղեմը:
Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով: Դու մեռնել չէիր ուզում, դու երկչոտ էիր, որով և՝ անազնիվ:
Կարևորագույն վայրերի պաշտպանությունը ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն: Այսպես և ոչ այլ կերպ:
Ըստ իր կարևորության` «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին՝ պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում: Այնտեղ կարևոր է, նշանակալից ամեն ինչ: Եվ եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել