Հայաստանում, կարծես, նոր ճարտարապետական ուրույն ոճ է ձևավորվում՝ հնանորախառնուրդ, որին նայելիս առաջանում է սրտախառնուք…
Աբովյան-Պուշկին խաչմերուկի չարաբաստիկ շենքը, «Ամերիա» բանկի նորակառույցը՝ անհասկանալի երեք գույների և հնի ու նորի խառներանգներով: Այս երկուսը քիչ էր, հիմա էլ երրորդը՝ Ամիրյան փողոցի՝ ԱԳՆ նախկին շենքի շարունակությունը:
Ես, իհարկե, ճարտարապետ չեմ, սակայն համաձայնեք, որ այս լուծումները ճարտարապետության հետ աղերս չունեն, և հետաքրքիր է՝ ովքեր են այդ կառույցների ճարտարապետները, նախագծերը հաստատողները, հավանողները: Սա նույնն է, եթե մեկը նորաձև կոստյումի հետ կրի չոբանի ավանդական փափախն ու կոպալը կամ մինի յուբկայի հետ հագնի միջնադարյան վարտիք… Պատկերացրի՞ք…
Ինձ թվում է՝ սա զուտ հայկական «ճարտարապետական համքարության» հերթական շուստրիությունն է, որպեսզի կառուցող պատվիրատուն չնեղանա, իրենց էլ չնեղացնի, և քաղաքացիական շարժումների հնարավոր բողոքները կասեցվի:
Ի՞նչ ասեմ, եթե այս աղճատված, անդուր, անհասկանալի էկլետիկ ոճի, տարօրինակ լուծումների հեղինակները ճարտարապետ են, ապա ես էլ նեյրովիրաբույժ եմ կամ էլ տիեզերագնաց…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել