Օրեր առաջ՝ ապրիլի, եթե չեմ սխալվում, ութին, ԱԺ հերթական նիստի ժամանակ տեղի ունեցավ մի միջադեպ, որը երևի չգտավ համապատսխան, արժանի արձագանք միայն ապրիլի ինի դեպքերի պատճառով: Խոսքը գնում է Շարմազանով- Փոստանջյան փոքրիկ հակամարտության մասին:
Նիստի ժամանակ ամբիոնի մոտ է բարձրանում Զ. Փոստանջյանը և սկսում ելույթը, սակայն նա հազիվ էր երկու-երեք ողջույնի խոսք ասել, երբ Շարմազանովը, օգտագործելով խոսնակի իր լիազորությունները, ասաց. «Տիկին Փոստանջյան, Ձեր ելույթը քննարկվող հարցերի հետ կապ չունի, խնդրում ենք անջատել տիկին Փոստանջյանի խոսափողը»: Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ունի՞ արդյոք Էդիկը (Շարմազանով) էքստրասենսի ունակություններ, սակայն դա միակ արդարացումը կարող է լինել նրա համար, քանի որ, երբ պատգամավորը իր ելույթից արտասանել է ընդամենը երեք բառ և այն էլ ողջույնի խոսքի նմանվող, ապա ամենաքիչը Վանգայի նման մեկը պետք է լինես, որ հասկանաս, թե ինչի մասին է լինելու հետագա ելույթը: 
Շարմազանովի նման կամայականության դեմ միանգամից բողոքի ալիք բարձրացավ ընդդիմադիր պատգամավորների շրջանում, սակայն էքստրասենս Էդիկը խնամքով անջատել տվեց նաև այդ պատգամավորների խոսափողները:
Եվ այսպես, ի՞նչ է դուրս գալիս, մեր երկրի կարևորագույն կառույցի աշխատանքը հիմնված է Էդիկի էքստրասենսային, հոգեվերլուծական կարողությունների վրա՞: 
Էդի՛կ, անձամբ քեզ չեմ ճանաչում, բայց որպես ՀՀ քաղաքացի ու հարկատու՝ պահանջում եմ՝ էդ սուպերմենյան, դոկտոր իքս-յան ու մնացած սուպեր հերոսներից վերցրած սուպեր կարողություններդ իմ երկրի ԱԺ-ում մի´ օգտագործիր, քո հայրենի Հունաստանում, գուցե, էդ ընդունված ա, բայց մենք՝ հայերս, տենց բաներ չենք սիրում:
Հ.Գ. Ասում եմ՝ էս ՀՀԿ-ն որ Էդիկին շտաբի պետ ա նշանակել, կարո՞ղ ա տենց մտածում են, որ ընտրություններից առաջ միանգամից տոկոսները, մասնակիցների թիվը, ամեն ինչ կասի: Էս ընտրությունների կարգախոսն էլ երևի «Էդիկն ինչքան ասի՝ էդքան էլ խփելու ենք» ա լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել