Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտը «Սմակ» հաղորդաշարի ընթացքում կատակել է բոլշեւիկների ձեռքով սպանված ուկրաինացիների վերաբերյալ, իսկ հաղորդման հյուրը` Ալեքսանդր Ադաբաշյանը, աջակցել է «կատակը» դահլիճի ծիծաղի ներքո:
Ուտեստի պատրաստման ժամանակ Ուրգանտն ասել է. «Ես կտրտեցի կանաչին, ինչպես կարմիր կոմիսարը ուկրաինական գյուղի բնակիչներին», իսկ Ադաբաշյանը, դանակը մաքրելով կանաչու կտորտանքից, ասել է, թե «մաքրում է զոհերի մնացորդները դանակի վրայից», գրում է NEWSru.com-ը:
«Կատակը» հարուցել է Ուկրաինայի բնակիչների զայրույթը: Ուրգանտն արդեն ներողություն է խնդրել Twitter-ում, սակայն զերծ չի մնացել կրկին հեգնելու գայթակղությունից, իսկ Ալեքսանդր Ադաբաշյանն ընդհանրապես հրաժարվել է ներողություն խնդրել` նշելով, թե ինքն ու Ուրգանտը որեւէ վատ բան չեն արել:



