2012 թվականին գիտության մեջ տեղի են ունեցել բազմաթիվ նվաճումներ՝ սկսած արհեստական տերևների, «անտեսանելի թիկնոցի» ստեղծումից մինչև ադամանդե մոլորակի հայտնաբերում:
1. Վերջույթների անշարժացմամբ մարդը իր գլխուղեղի օգնությամբ կառավարում է ռոբոտ-ձեռքը
Փիթսբուրգի համալսարանի նեյրոկենսաբանության ֆակուլտետում հետազոտողներն աշխատում էին մի 52-ամյա հիվանդի՝ Յան Շոյերմանի հետ, որպեսզի ստեղծեն Շոյերմանի մտքի միջոցով կառավարվող մի ռոբոտ-ձեռք:
Հետազոտողները 2 միկրոէլեկտրոդ են տեղադրում հիվանդի գլխուղեղի շարժողական կեղևում: Հարմարման պրոցեսը շատ ավելի արագ էր ընթանում, քան հետազոտողները սպասում էին: Արդեն երկրորդ օրը Յանը կարողանում էր օգտագործել իր նոր «ձեռքը»: 13-րդ շաբաթում նա կարողանում էր կատարել բարդ վարժություններ յոթ ուղղություններով՝ իսկական կենսաբանական ձեռքի պես:
2. Դերպա ռոբոտը կարող է հաղթահարել արգելքները
Դերպան «սովորում» է, թե ինչպես առանց մարդկային օգնության կարող է հաղթահարել տարբեր արգելքներ: Այս տարի ցանկանում են, որ ռոբոտը կարողանա նաև հետևել մարդկանց և վազել ընձառյուծի նման արագ:
3. Գենետիկորեն մոդիֆիկացված մետաքսն ավելի ամուր է, քան պողպատը
Վիոմինգի համալսարանում գիտնականները գենետիկորեն ձևափոխեցին մետաքսաստեղծ թրթուրները, որոնց արտադրած մետաքսը պողպատից ամուր դարձավ: Տարբեր մարդիկ ցանկանում են օգուտ քաղել այս գերամուր մետաքսից՝ ստանալ զինամթերք, բժշկական մանրաթել, պլաստմասայի փոխարինիչ և այլն:
4. Առաջին անգամ լուսանկարվել է ԴՆԹ-ի մոլեկուլը:
Օգտագործելով էլեկտրոնային մանրադիտակ՝ Էնցո դի Ֆաբրիցիոն և նրա թիմը Իտալիայի Տեխնոլոգիական ինստիտուտից, առաջին անգամ լուսանկարել են հայտնի մոլեկուլի երկշղթան:
5. Անտեսանելի թիկնոցի ստեղծումը առաջընթաց է ապրում:
Բրիտանական Կոլումբիայի ընկերություններից մեկը ներկայացրել է իր նոր կտորի օրինակը, որը ստեղծվել է հատուկ ԱՄՆ-ի և Կանադայի զորքերի համար: Այս նյութը անդրադարձնում է լույսի ճառագայթները առանց մարտկոցների, հայելիների կամ տեսաձայնագրիչների օգնության: Այն չի թողնում, որ նրա տակ թաքնվողը երևա, և միաժամանակ պաշտպանում է նրան ջերմային և ինֆրակարմիր փնտրող սարքերից:
6. Մաշկ-կուտակիչ
Ավիտա Մեդիքալի կողմից պատրաստված այս դեղամիջոցը օգտագործվում է մեծաքանակ այրվածքներ ունեցող հիվանդների բուժման համար: Հիվանդներից վերցված մաշկի օրինակը խառնում են հատուկ խոզերից ստացված ֆերմենտների հետ և տեղակայում են վնասված մաշկի վրա: Յուրաքանչյուր փոքր հատված մեծանում է և մոտ մեկ շաբաթվա ընթացքում ունենում է գրքի էջի մեծություն: Քանի որ այսպիսի բուժման դեպքում դոնորը հենց ինքը հիվանդն է, ապա օրգանիզմի անընկալունակության ռիսկը նվազագույն է:
7. Ջեյմս Քամերոնը սուզվել է օվկիանոսի՝ ներկայումս հայտնի ամենախոր անդունդը
Քամերոնը առաջին մարդն էր, ով միայնակ կարողացավ սուզվել Մայրանյան իջվածք: Ունենալով մոտ 11 կմ խորություն՝ Մայրանյան իջվածքը գիտնականների համար նույնքան անծանոթ է, որքան այլ մոլորակները:
8. Ցողունային բջիջները կարող են երկարացնել մարդու կյանքը
Արագ ծերացող մկներին, որոնց կյանքի միջին տևողությունը 21 օր է, հետազոտողները ներարկել են ավելի երիտասարդ մկներից վերցված ցողունային բջիջներ և շշմեցուցիչ արդյունք են ստացել: Ներարկումը կատարել են կանխատեսված մահվան օրվանից 4 օր առաջ, բայց մկները ապրել են շատ ավելի երկար՝ մոտ 71 օր: Մարդկային լեզվով ասած՝ դա նույնն է, թե 80 տարի ապրողը կենդանի մնա շուրջ 200 տարի:
9. 3D տպիչը ստեղծում է ամբողջական տներ
Էնրիկո Դինիի կողմից ստեղծված D-աձև տպիչը կարող է «տպել» 2 հարկանի շինություններ՝ իր սենյակների, աստիճանների, խողովակների և միջնապատերի հետ միասին: Կառուցումը տևում է մոտ 4 անգամ ավելի կարճ, քան սովորական շինությունների դեպքում, ընդ որում, այս դեպքում հատուկ գիտելիքներ և կարողություններ պետք չեն գալիս:
10. Ինքնաղեկավարվող ավտոմեքենաները օրինական են դարձել Նևադայում, Ֆլորիդայում և Կանադայում
Գուգլը սկսել է փորձարկել առանց վարորդների մեքենաները դեռ 2012 թվականի սկզբին: Նևադան առաջին նահանգն էր, որը մայիսին թույլ տվեց այսպիսի ավտոմեքենաների երթևեկությունը փողոցով: Այս մեքենաները վթարի են ենթարկվել միայն երկու անգամ, այն էլ երբ ղեկավարվել են մեխանիկորեն՝ մարդու կողմից:
11. Վոյաջեր 1-ը դուրս եկավ Արեգակնային համակարգի սահմաններից
1977 թվականին տիեզերք արձակված Վոյաջեր 1-ը առաջին օբյեկտն է, որը դուրս է եկել Արեգակնային համակարգի սահմաններից: Ամենասկզբում Վոյաջերը ծառայում էր որպես Սատուրնը և Յուպիտերը լուսանկարող մի սարք, սակայն հետագայում ՆԱՍԱ-ն որոշեց դուրս բերել այն Արեգակնային համակարգի սահմաններից, նրան ամրացրեց բարձրախոսներ, որտեղ 55 լեզվով ողջույնի խոսքեր կային:
12. 3D տպիչի կողմից ստեղծվել է ստորին ծնոտի առաջին փոխպատվաստուկը
Ստորին ծնոտի այս օրինակը ստեղծվել է 83-ամյա հիվանդի համար՝ օգտագործելով տիտանի փոշի և կենսակերամիկական ծածկույթ: Ստորին ծնոտի բարեհաջող վիրահատությունը թույլ կտա հետագայում կատարել նաև առանձին ոսկորների փոխպատվաստում, միաժամանակ նաև արհեստական ճանապարհով ստեղծել նոր օրգաններ և մկաններ:
13. Թափառող մոլորակը թռչում է տիեզերքով
Մինչև հիմա գիտնականները կարծում էին, թե մոլորակները անպայման պտտվում են աստղերի շուրջը: Սակայն CFBDSIR2149 մոլորակի հայտնագործումը փոխեց այդ պատկերացումները: Գերազանցելով Յուպիտերի զանգվածը 5-7 անգամ՝ այս մոլորակը առաջին տիեզերական օբյեկտն է, որը բնութագրվել է որպես ազատ թափառող մոլորակ:
14. Քիմերա կապիկները ստեղծվել են տարբեր սաղմերից
Հետազոտողները ռեզուս կապիկների ավելի քան 6 սաղմերը միավորել են և ստեղծել 3 փոքրիկ կապիկներ: «Չնայած որ բջիջները չէին միաձուլվում, նրանք կպչում էին մեկը մյուսին և ձևավորում հյուսվածքներ և օրգաններ»,-ասում է դոկտոր Միտալիպովը: Այս հետազոտությունները կօգնեն ավելի լավ հասկանալ որոշ գեների դերը սաղմի զարգացման գործում և մարդու գենետիկական մուտացիաները:
15. Արհեստական տերևները արտադրում են էլեկտրականություն
Օգտագործելով հարաբերականորեն ոչ թանկ հումք՝ Դանիել Գ. Նոկերան ստեղծեց աշխարհի ամենաառաջին արհեստական տերևը: Տերևի արհեստական «բջիջները» իրականացնում են ֆոտոսինթեզին նմանվող մի պրոցես և արտադրում ջրածին՝ թթվածնի փոխարեն: Ջրածինը կուտակվում է այդ «բջիջներում» և օգտագործվում որպես էներգիա:
16. Գուգլը հասանելի է դարձնում ինտերնետն ամենուրեք
Երևի թե բոլորդ արդեն տեսել եք Գուգլի ակնոցների մասին պատմող վիդեոն: Գուգլի ակնոցները թույլ կտան ստանալ ցանկացած ինֆորմացիա, թափառել ինտերնետում, զանգեր կատարել ամենուրեք՝ ընդամենը օգտագործելով ձայնային հրահանգներ:
17. Հայտնաբերվել է Հիգս-Բոզոնի մասնիկը
Ամռանը միջազգային հետազոտական կենտրոնը հաստատեց այն փաստը, որ նրանք հայտնաբերել են մի մասնիկ, որը ունի Հիգս-Բոզոնի մասնիկի բոլոր հատկությունները: Սա նշանակում է, որ հնարավոր է գոյություն ունի Հիգսի դաշտը, որը իր որոշ հատկություններով նման է էլեկտրամագնիսական դաշտին:
18. Արևային ճկուն և ոչ թանկարժեք մարտկոցները ձեռնոց են նետում վառելիքին
Թվին Քրիքսի ստեղծած արևային մարտկոցը ունի այսօրվա ամենաէժան մարտկոցների կես գինը՝ ընդամենը 40 ցենտ յուրաքանչյուր վատտի համար:
19. Հայտնաբերվել է ադամանդե մոլորակ
2012 թվականին միջազգային հետազոտողների խմբի կողմից հայտնաբերվել է մի էկզոմոլորակ, որը ամբողջությամբ կազմված է եղել ադամանդից: Այն մոտավորապես 5 անգամ չափերով ավելի մեծ է, քան Երկիրը և զանգվածով մոտ է Յուպիտերին:
20. Աչքերի փոխպատվաստուկները կույրերին թույլ են տալիս տեսնել
Միացյալ Թագավորությունում մոտ 8 ժամ տևած վիրահատությամբ երկու կույր մարդու վրա տեղադրել են աչքերի փոխպատվաստուկներ: Տարիներ շարունակ լինելով կույր՝ այս մարդիկ կարողացան մի քանի շաբաթվա ընթացքում տարբերել առարկաների ուրվագծերը և գունավոր երազներ տեսնել:
21. Վելսում աճող յուրաքանչյուր ծաղկավոր բույսի համար կազմել են գենետիկական քարտեզ
Ստեղծվել է Վելսում աճող շուրջ 1143 բուսատեսակի ԴՆԹ-ի տեղեկատվական բազա: Շուրջ 5700 գծիկավոր կոդերի շնորհիվ հնարավոր է դառնում սերմերով, արմատներով, փոշեհատիկով և բնափայտով ճանաչել ցանկացած բույս: Այս հետազոտությունը գիտնականներին թույլ կտա ուսումնասիրել, օրինակ, մեղուների միգրացիան, վերջնական նպատակն է՝ կազմել երկրագնդի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանական և բուսական տեսակների գենետիկական քարտեզները:
22. Առաջին ավտոմատ կառավարվող ոչ պետական տիեզերանավը հասել է Միջազգային Տիեզերակայան
SpaceX-ը պատմության մեջ առաջին ոչ պետական տիեզերանավն է, որը ուղարկվել է տիեզերք մի մասնավոր կազմակերպության կողմից:
23. Գերճկուն ապակին կարող է օգտագործվել չճկվող տեխնիկայի ստեղծման մեջ
Ճկուն ապակին, որը ստեղծվել է նյույորքցի գյուտարար Քորնինգի կողմից, առաջին անգամ ներկայացվել է Բոստոնում: Այն ունի ընդամենը 0,05 մմ հաստություն: Հնարավոր է, որ Սոնիի «հագնովի համակարգիչները» մինչև 2020 թվականը արդեն պատրաստ լինեն:
24. ՆԱՍԱ-ն սկսել է օգտագործել ռոբոտային արտաքին կմախքներ
X1 ռոբոտ արտաքին կմախքը կշռում է մոտ 26 կգ և կազմված է 4 շարժուն և 6 անշարժ «հոդերից»: Այն կարող է խոչընդոտել շարժման իրականացումը, երբ օրինակ տիեզերագնացները վարժվում են տիեզերքի պայմաններին, կամ էլ օգնել շարժվել անշարժացմամբ տառապող մարդկանց:
25. Մարդու գլխուղեղը ենթարկվել է «հարձակման»
«Յուսենիքս Սիքյուրիթի» ընկերության հետազոտողները, օգտագործելով հատուկ տեխնոլոգիա, ցույց են տվել, թե որքան խոցելի է գլխուղեղը: Գանգին ամրացված էլեկտրաուղեղագրի օգնությամբ հետազոտողները փորձել են պարզել գլխուղեղի նեյրոնների ակտիվությունը, երբ փորձարկվողը տեսել է ինչ-որ մի գաղտնաբառ կամ երեխայի դեմք:
26. Առաջին 5 արեգակներով մոլորակը բացահայտված է
Սիրողական աստղագետների կողմից բացահայտված այս մոլորակը մոտավորապես Նեպտունի մեծությունն ունի, և ուղեծիրը պտտվում է մի քանի արեգակների շուրջը: Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե ինչու այս մոլորակը չի բախվում արեգակներից որևէ մեկին:
27. Մայքրոսոֆթը արտոնագրել է « HOLODECK»-ը
Մայքրոսոֆթը ցանկանում է, որպեսզի կոմպյուտերային խաղերը և խաղալու գործընթացը տեղի ունենան ոչ միայն էկրանի ներսում, այլև ամբողջ տարածության մեջ: Խաղային պատկերները հայտնվում են պատերի, շրջակայքի կահույքի վրա, որից խաղը կարծես թե «կենդանանում է»: