Araratnews.am-ը գրում է.
Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ՝ Արագածոտնի թեմի դիվանի մակարդակով արձագանքել է Econews.am-ի հրապարակմանը և տեղեկացրել, որ թեմի հոգևոր հովիվ. Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը արժանացել է խիստ նկատողության և անցնում է ապաշխարության շրջան:
Այս մասին տեղեկանում ենք Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի պաշտոնական կայքից: Հրապարակման մեջ, մասնավորապես նշված է.
««Ապօրինի որսի հերթական սիրահարը հոգևոր հովիվ է» վերնագրով հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք.
Տարիներ առաջ իմանալով Տ. Ղևոնդ քահանա Գափոյանի` թույլատրելիի սահմաններում որսասիրական հակումների մասին՝ թեմական համապատասխան մարմինը հորդորել է Տեր Հորը հրաժարվել իր նախասիրությունից` այն գիտակցությամբ, որ արարչագործությունը սրբազան նվեր է մարդկությանը, իսկ նրա պահպանությունը նվիրական առաքելություն` անկախ կրոնական պատկանելությունից, սեռից, հասարակության մեջ գրաված դիրքից, մասնագիտությունից և կոչումից: Ավելին, Արագածոտնի Թեմի Թեմակալ Առաջնորդի կողմից Տեր Հայրն արժանացել է խիստ նկատողության և անցել ապաշխարության շրջան»,-տեղեկացվում է Արագածոտնի թեմի դիվանի հաղորդագրության մեջ:
Խդրո առարկա հարցն Արագածոտնի Թեմի համապատասխան մարմնի կողմից առնված է քննության: Ուսումնասիրության եզրակացությունը` ի պահանջել հարկին, ընկալյալ կարգի համաձայն ՝կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական Հանձնախմբին` առ ի տնօրինություն»: