«Վիեննան ու Սանկտ Պետերբուրգն օրակարգում են»,- Լեռնային Ղարաբաղից հայտարարում է Դավիթ Բաբայանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ինչը նշանակում է, որ, անկախ բանակցությունների հաճախականությունից, այդ հարցը հայկական դիվանագիտությունը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում։ Վերջին հանդիպումից տպավորություն էր, որ հայկական կողմն հանդիպմանը ներկայանալով քարտ բլանշ է տալիս ադրբեջանական կողմին։ Սակայն ինչպես հանդիպումը ցույց տվեց, դա հերթական հանդիպումն էր պարզապես օրակարգ լրացնելու համար, ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված` ավելի շատ կազմակերպության իմիջը փրկելու համար։ Ադրբեջանից հայտարարեցին, որ Սարգսյանը պայմանավորվածություն է խախտել, սակայն, մեծ հաշվով, նախագահը ոչ մի արտառոց բան չէր ասել։ Նշանակում է, որ եղել է ինչ-որ այլ պայմանավորվածություն, որի վերաբերյալ արդեն (եթե, իհարկե, եղել է խոսակցություն) կողմերն առայժմ չեն բարձրաձայնում։
Ինչի՞ վերաբերյալ դա կարող էր տեղի ունեցած լինել։ Ենթադրելի է, որ արդեն կուլիսների հետևում Ադրբեջանն ու Սարգսյանը բանակցել են հենց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման շուրջ, ու Ալիևը ժամանակ է խնդրել սեփական ադմինիստրացիայում այդ պայմանավորվածությունը քննարկելու համար։ Պարզ է, որ այդպիսի հաղթաթուղթը Հայաստանը հենց այնպես չէր վատնի, սակայն, ինչպես նախկինում, Սարգսյանը նախընտրում է խոսել ոչ թե տեսախցիկների առջև, այլ դրանց բացակայության պայմաններում։