Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, երբ Ադրբեջանում կհավաքվեն Թուրքիայի ու Վրաստանի նախագահները, ովքեր և կփորձարկեն առաջին երկաթուղին։ Նախատեսվում է, որ դրանից հետո արդեն Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևն իրար հետ բանակցություններ կվարեն երկկողմ հարաբերությունների, միջազգային իրադրության, այդ թվում՝ նաև ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ։ Եվ ուրեմն՝ ինչ է ստացվում։
10 տարի առաջ սկսված ու շուրջ 900 կիլոմետր երկարությամբ ձգվող երկաթգիծը վերջապես պատրաստ է ու կհանձնվի շահագործման արդեն երկու օրիից։ Ինչպես տեսնում ենք, իրականություն դարձավ Հայաստանը շրջանցող հերթական պրոյեկտը։ Սրան որպես հակափաստարկ Հայաստանը մշտապես խոսել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի մասին, որը, սակայն, ոչ թե չի նորոգվել, այլ նորոգվել է նախատեսվածի երևի թե 30 տոկոսը։ Ավտոճանապարհի լրիվ կառուցումը նախատեսված է մինչև 2018 թվականը, սակայն պարզ է, որ մինչ այդ ժամանակահատվածը ոչինչ տեղի չի ունենա։
Նկատի ունենալով, որ ժնևյան հանդիպումները ԼՂՀ կարգավորման հարցում էական ոչ մի արդյունք չտվեցին, փոխարենը այդ հանդիպումից հետո սահմանում նորից իրավիճակ լարվեց, ու հայկական կողմը երկու զոհ ունեցավ, կարող ենք փաստել, որ, բացի ռազմական էսկալացիայից ու հյուծիչ պատերազմի քաղաքականությունից, Ադրբեջանը նաև տնտեսական ֆրոնտում է փորձում մեկուսացնել Հայաստանը։ Ստեղծված իրավիճակը, եթե անկեղծորեն խոսենք, մեր օգտին չի խոսում։ Չի խոսում ոչ թե այն պատճառով, որ նոր ենք հասկացել այդ ամենը, այլ այն, որ, հասկանալով աշխարհաքաղաքական այդ իրադարձությունը, ըստ էության, այս պահին Հայաստանի համար շատ դժվար է տնտեսապես ու ռազմականապես դիմակայել այս շրջափակումներին ու գնալով այն դառնալու է ավելի դժվար։ Միակ փրկությունը լինելու է այն, որ առաջիկա մի քանի տարում Հայաստանը տնտեսապես վերելք ապրի, ինչը գործնականում դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով իշխանության վերնախավի բնույթը։ Սակայն անհնարինի ժանրից չէ, որովհետև այստեղ արդեն ժամանակ չի մնում սեթևեթելու ու ձգելու։ Հայաստանի արագ զարգացմանը այլընտրանք չի մնում, որովհետև հետևանքները կարող են լինել չափազանց ցավոտ։