Վերջին օրերի ներքաղաքական թիվ մեկ թեման ՊՆ Վիգեն Սարգսյանի ու ԵԼՔ-ի հրապարակային պոլեմիկան է, որ կարծես թե չի եզրահանգվել։ Համենայն դեպս, պոլեմիստներից առավել ակտիվ Էդմոն Մարուքյանը վերջին խոսքի իրավունքն իրեն վերապահեց, սակայն սկսենք նախապատմությունից։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԵԼՔ-ում կարծեցին, որ եթե մարդը ՀՀԿ-ի անդամ է, ապա դա նշանակում է, որ կարելի է նրա դեմ կիրառել նույն հնարքները, ինչ Շմայսի կամ էլ Գալուստ Սահակյանի դեպքում։ Բնականաբար, կիրառվեց արդեն ավանդական դարձած ռազմահայրենասիրական պաթոսը՝ գնումները տեղական արտադրողներից կատարելը պարտադրելու մասով, «խեղճ երեխաներին թույլ չեն տալիս գիտնական դառնալ»՝ տարկետումների մասով, «լա մի օլիգարխների երեխեքին ծառայցրեք, նոր»՝ առհասարակ, զինծառայության մասով։
Նման կոպիտ թերագնահատումը բերեց սպասելի արդյունքի․ Վիգեն Սարգսյանը պարզապես «քոթակեց» ԵԼՔ-ին՝ թե՛ ամբողջական կազմով, թե՛ առանձին-առանձին։ Ընդ որում՝ նա դա արեց՝ օգտվելով միայն մեկ «արգելված» հնարքից, որը մինչ այդ գործարկել էին ելքականները՝ հարցը մասնակիորեն բերելով անձնական դաշտ ու քննարկելով հենց ելքականների անձնական օրինակները կռվախնձոր դարձած հարցի համատեքստում։ Ավելորդ է նշել, որ արդյունքն առավել քան անփառունակ էր ԵԼՔ-ի համար։ Արդյունքի թերևս լավագույն բնութագիրը տվեցին Ֆեյսբուքում, որտեղ օգտատերերից մեկը գրել էր հետևյալը․ «Այսքանից հետո Վիգեն Սարգսյանը պետք է ամուսնանա ԵԼՔ-ի հետ», բավականին կոպիտ կատակի խիստ նուրբ մատուցում, որը, սակայն, իդեալապես բնութագրում է կատարվածը։
Կարելի էր այսքանից հետո լռել ու ավելի խելամիտ լինել ապագայում, ի մի բերել բացթողումները, որպեսզի դրանք նոր հնարավորություններ դառնան, բայց ԵԼՔ-ում խիստ վիրավորվեցին Վիգեն Սարգսյանի քոթակից։ Հատկապես սրտին մոտիկ ընդունեց Էդմոն Մարուքյանը, ում, ըստ էության, նախարարը մեղադրեց և՛ քննարկվող կոռուպցիոն/ստվերային մեխանիզմներից շահավետ օգտվելու մեջ, և՛ երեսպաշտություն անելու մեջ։
Բանն այն է, որ, ըստ Մարուքյանի կենսագրության, ՀՀ ԶՈւ ծառայելու տարիներին նա զուգահեռ հասցրել է սովորել բուհում, ինչը հարցեր է առաջացնում, քանի որ մանավանդ այդ տարիներին չէր գործում հեռակա ուսուցման համակարգ, որի պարագայում հնարավոր կլիներ զորամասից սովորել։ Հետևաբար Մարուքյանը կա՛մ չի ծառայել, կա՛մ ծառայել է «տնից», կամ էլ ստվերային ինչ-ինչ միջոցներով կարողացել է սովորել բուհում՝ փաստացի չսովորելով։ Եվ ահա, հայտնվում է զայրացած Մարուքյանը, ով հայտարարում է, որ իրեն ընդառաջել են, իսկ ինքն իրեն հասանելիք օրինական արձակուրդի ժամանակ քննություններ է հանձնել։ Մարուքյանի այս պատասխանը հարակիրի է հիշեցնում, որովհետև յուրաքանչյուր ոք, ով ծառայել է այդ թվերին, կփաստի, որ «օրինական արձակուրդ» հասկացողություն գոյություն չուներ, ու բազմաթիվ զինծառայողներ առանց արձակուրդի էին ծառայում երկու տարին էլ։ Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ Մարուքյանն «օրինական» արձակուրդը մեկ անգամ ստացել է, ապա հասկանալի չէ, թե օրենքի ու բուհական համակարգի ո՞ր կանոնով է նա կարողացել այդ մեկ արձակուրդի շրջանակներում հանձնել ուսուցման ողջ երկու տարվա բոլոր միջանկյալ ու պետական քննությունները, ստուգարքներն ու կուրսայինները։ Այլ կերպ ասած՝ Վիգենի քոթակը միանգամայն տեղին է, Մարուքյանի գիտա-ռազմական վաստակն էլ՝ էլ ավելի կասկածելի։