Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի թեման ռազմահայրենասիրական պոռթկման հսկայական ալիք բարձրացրեց (ներեցեք ռազմահայրենասիրական բառի հեղինակային իրավունքի խախտման համար): Ֆեյսբուքյան ճակատամարտերում հերոսացման և սխրանքների բազմաթիվ հուզիչ օրինակներ եղան, հեռուստաընկերությունները հեռարձակեցին խրոխտ դիվանագիտական ապտակների շառաչյուններ, սակայն հուզական պոռթկումը շատ արագ մարեց՝ լրատվական դաշտում շատ արագ նոր հետաքրքրությունների ի հայտ գալուց հետո: Մինչդեռ Սաֆարովի արտահանձնման փաստը հայ դիվանագիտության համար պետք է ենթադրեր գործողությունների մի ամբողջ շղթա, որն իր հերթին պետք է նպաստեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի աներկընտրանքության գաղափարի արմատավորմանը միջազգային հանրության մեջ: Հավատացնում եմ, որ եթե նման ամբարտավան դիվանագիտական բացթողում թույլ տար Հայաստանը՝ Ադրբեջանի դիվանագիտական աղմուկը կհնչեր երկրագնդի բոլոր ծագերում:
Հայկական լոբբիի կառուցվածքը հնարավորություն է տալիս աշխարհի շատ երկրների խորհրդարաններում նախաձեռնել բանաձևերի ընդունման գործընթաց՝ դատապարտելու համար մարդասպանի հերոսացումը Ադրբեջանի կողմից: Հայկական դիվանագիտությունը պետք է ստիպեր միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ Ադրբեջանի մասին զեկույցներում հանդես գալ խիստ գնահատականներով: Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի անդամությունը, որպես ագրեսորին աջակցող երկրի, դադարեցնելու պահանջով: Ինքնին հասկանալի է, որ այս բոլոր գործողությունների՝ ի նպաստ Հայաստանի ընթացքը երաշխավորված չէ, սակայն անտեսել և անտարբերության մատնել մի երկրի սկանդալային դիվանագիտական խայտառակությունը, որի հետ պատերազմի մեջ ես՝ անհասկանալի է:
Ես կարծում եմ, որ որևէ խորհրդանշական օր, ասենք այս տարվա ապրիլի 24-ից, Հայաստանը պետք է շտկի իր դիվանագիտական բացթողումը և սկսի դիվանագիտական գործընթաց՝ Սաֆարովի արտահանձնումը միջազգային իրավական խնդրի վերածելու և ԼՂ ինքնիշխանության ստատուսը բարձրացնելու համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել