Բանակից խուսափելու խնդիրը ոչ թե տարկետումն է, այլ՝ կոռուպցիան: Էս մի անցքը փակելու արդյունքում մեկ ուրիշն են բացելու, ու գումարով ազատվողները, մեկ ա, ազատվելու են: Արդյունքում տուժելու է գիտությունը: Խոսքը գնում է տարեկան մոտ 140 հոգու մասին: Կարծում եմ՝ մի քանի հազար զորակոչվողների մեջ կարելի է հանդուրժել այս թիվը: Այլ հարց է, որ նրանց ևս պիտի ինչ-որ կերպ ներգրավել բանակին օգտակար լինելու հարցում: Թող պետությունը պատվիրի գիտական աշխատանքներ, օրինակ՝ ռազմաարդյունաբերության համար: Ու թող համապատասխան ուղղվածություն ունեցող մասնագետների պաշտպանության թեմաները լինեն հենց այս ուղղվածության: Իսկ այն մասնագիտացումները, որոնք չեն առնչվում ռազմական ոլորտին, մեկ այլ օգտակար ուղղվածության համար ծառայեցնեն: Լիքը բան կարելի է մտածել: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ փող են տալիս, պաշտպանում են, այսինքն՝ գիտությամբ չեն զբաղվում, ապա դա կոռուպցիոն խնդիր է, ոչ թե անարդարության: Անարդարության հիմքում կաշառակերությունն է, ոչ թե տարկետումը կամ նման այլ բաներ:
Ինչ վերաբերում է նրան, որ մենք այսօր քանակի խնդիր ունենք, ապա այս օրենքով մենք քանակի խնդիրը լուծելու ենք մի 2-3 տարվա կտրվածքով, հետագայում ավելի խորացնենք այդ խնդիրը, քանի որ սա նպաստելու է նաև արտագաղթի աճին, այսինքն՝ քանակի խնդիրն այլ կերպ պիտի լուծենք՝ բարձրացնելով մարտական պատրաստության որակը, նպաստելով հայրենադարձությանը և ծնելիության աճին, վերացնելով կոռուպցիան, թիկունքային տաքուկ զորամասերից առաջնագծի պակասը լրացնելով և այլն: Սրան այլընտրանք չկա: Ու ցանկացած այլ առաջարկ շատ կարճաժամկետ լուծում է, իսկ երկարաժամկետում էլ, հակառակը, խորանում են առկա խնդիրները:
Հ.գ. Նշեմ նաև, որ ես ծառայել եմ ՀՀ բանակում, կես տարի՝ որպես շարքային և 5 տարի՝ որպես սպա: