Երեկ Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների հանդիպումը, չնայած հայտարարություններին ու ժպիտներին, ամենայն հավանականությամբ, անցել է բավականին լարված մթնոլորտում, որի առհավատչյան համատեղ մամլո ասուլիսն ու միջկառավարական քննարկման արդյունքում արված հայտարարություններն են: Սովորաբար տեսախցիկների առաջ կողմերը բավարավում են դեկլարատիվ հայտարարություններով, սակայն երեկ անզեն աչքով տեսանելի էր, որ ՀՀ ու ՌԴ վարչապետները, մեղմ ասած, այնքան էլ կառուցողական ու բարեկամական հանդիպումներ չեն անցկացրել: Կարեն Կարապետյանը նշեց, որ հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը մոտ 23 տոկոս է կազմում, որին ի պատասխան Մեդվեդևը նշեց 30 տոկոսի մասին ու առաջարկեց հենց այդ թիվն էլ ընդունել ի գիտություն:
Սա ի՞նչ է նշանակում։ Մի՞թե երկու կողմերին մինչ հանդիպումը հստակ չեն ներկայացվում վիճակագրությունը, ընդհանուր թվերը: Այսինքն՝ դուրս է գալիս, որ Մեդվեդևը, լավ իմանալով այդ ամենը, դիտմամբ փորձել է Կարեն Կարապետյանին վատ դրության մեջ դնել: Մի՞թե հնարավոր չէր չարտահայտվել կամ արտահայտվել ուրիշ տեղ, այլ ձևաչափով, որ հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը 30 տոկոս է կազմում: Կամ, օրինակ, գազի գնի վերաբերյալ հայտարարությունը, երբ Մեդվեդևը հայտարարում է, որ, ճիշտ է, հայկական ու ռուսական կողմերը սկզբից պայմանավորվել էին, որ գազի սակագինը թանկանալու է, բայց հաշվի առնելով, երևի թե, հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, այդ գինը կմնա նույնը, չի փոխվի: Սա նման է նրան, երբ գործատուն աշխատողին ասի՝ ճիշտ է, ես կարող եմ քեզ աշխատավարձ չտալ, բայց որ աշխատել ես, տալիս եմ: Մի խոսքով՝ կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ լարվածություն կա, ու թերևս կարող ենք եզրակացնել, որ դա կապված է նոյեմբեր ամսին սպասվող Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ: