Ի դեպ, կարծում եմ՝ ուշադրություն դարձրած չեք լինի, բայց ասեմ, որ ՀԱԿ-ն այս պահին միակ կուսակցությունն է Հայաստանում, որն իր ծրագրում (16 կետ կարծեմ՝ հիշելով եմ գրում) պաշտոնապես ամրագրել է կուսակցության ներսում ֆրակցիաների՝ խմբակցությունների գոյության իրավունքը՝ դրանց գործունեության մանրամասն կանոնակարգումը թողնելով հաջորդ համագումարի քննարկմանն ու որոշմանը: Սա նշանակում է, որ մնալով ծրագրային սկզբունքային դրույթների սահմաններում՝ կուսակցության անդամները, ընթացիկ քաղաքական խնդիրների շուրջ ունենալով տարբեր տեսակետներ, կարող են միավորվել առանձին պլատֆորմների շուրջ՝ պաշտպանելով իրենց տեսակետները եւ պայքարելով մեծամասնություն շահելու համար կուսակցության ներսում: Այլ կերպ ասած՝ կուսակցության ներսում կարող են ձեւավորվել յուրահատուկ «ընդդիմություններ»: Սա կարեւոր է նաեւ որպես պատմական փաստ: Աշխարհում սա նորմալ երեւույթ է, սակայն, հետսովետական տարածքում՝ արտասովոր: Բանն այն է, որ բոլշեւիկան կուսակցության 10-րդ համագումարում ընդունվել է հատուկ որոշում ֆրակցիաների արգելքի մասին: Չնայած բոլշեւիկյան կուսակցությունը վաղուց գոյություն չունի, սակայն, փաստացի այդ որոշումը գործում է հետսովետական կուսակցությունների մեծ մասի համար, որը բերում է ներկուսակցական ժողովրդավարության ճնշմանը, հաճախակի պառակտումների (տվյալ պահին մեծամասնության գծի հետ չհամաձայնվողները առավել հաճախ ստիպված են տարանջատվել) եւ համապատասխանաբար քաղաքական դաշտի մանրացմանն ու մասնատմանը: Հուսով եմ, որ այլ հայաստանյան կուսակցությունները, նախեւառաջ ընդդիմադիր, բավականին ուժեղ կզգան իրենց նմանատիպ կետ մտցնելու համար, որը վերջապես կջարդի բոլշեւիկյան գերկենտրոնացված կուսակցության վատ ավանդույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել