Բնապահպան Կարինե Դանիելյանն էր ահազանգել, որ Երևանի Մոնումենտի այգում վերջին տարիներին մեծ թափով բարձրացող շքեղ դղյակները կառուցվում են սողանքավտանգ գոտում, և չի բացառվում, որ սողանքի պատճառով օրերից մի օր դրանք կքանդվեն: «Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող առանձնատները վտանգված են, այդտեղ սողանքային գոտիներ կան: Անձրևների պատճառով մի օր սողանքը կակտիվանա, և այդ տներն ուղղակի կփլուզվեն: Ես չգիտեմ՝ ինչու են տերերը ձգտում այդտեղ կառուցել իրենց տները, երևի ուզում են մեզ վերևից նայել»,- զգուշացրել էր Կարինե Դանիելյանը:

Իսկ Մոնումենտի երբեմնի խիտ անտառապատված այգին Երևանը փրկող այն մի քանի բացառիկ «թոքերից» էր, որոնք նպաստում էին, որ քաղաքի միկրոկլիման վերջնականապես չգնա անապատացման: Փաստենք, թերևս, որ այդ առումով «փրկվեց» Ծիծեռնակաբերդի այգին, այն էլ՝ հուշահամալիր լինելու հայտնի պատճառով, թե չէ հիմա այն նույնպես վաղուց արդեն ամբողջությամբ «դղյակապատված» կլիներ:

Ներկայացնելով Նյու Յորքի Կենտրոնական պարկի համայնապատկերը՝ ցանկանում ենք որոշ չափով համեմատություն անցկացնել: Central Park-ը հիմնադրվել է դեռևս 1853 թվականին Նյու Յորքի Մանհեթեն կղզի-թաղամասում, և այժմ այն ամենաճանաչելիներից է աշխարհում և նյույորքցիների իսկական հպարտանքն է հանդիսանում։ Պարկի երկարությունը մոտ 4 կմ է, լայնությունը՝ 800 մ, ընդհանուր մակերեսը՝ 3,41 քառ. կմ: Տարեկան պարկ է այցելում մոտ 25 միլիոն մարդ, և այցելությունների թվով այն առաջինն է ԱՄՆ-ում:

Չնայած Central Park-ի արտաքուստ բնական տեսքին՝ այնուամենայնիվ, նրա բոլոր լանդշաֆտները ձեռակերտ են: Պարկում կան արհեստական մի քանի լճեր, մեծ թվով ծառուղիներ, երկու սահադաշտ, վայրի բնության անկյուններ, մարգագետիններ, որոնք օգտագործվում են մարզական տարբեր միջոցառումների համար, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ և կենդանաբանական այգի: Եվ ամենակարևորը՝ Central Park-ի ողջ պատմության ընթացքում ոչ մի ամերիկացի օլիգարխի կամ պետական պաշտոնյայի մտքով անգամ երբևիցե չի անցել այս պարկի տարածքում կառուցել շքեղ առանձնատուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել