Մի կողմ թողնելով հայ ազգի և Հայաստանի պատմությունը՝ միանգամից անցնեմ այն իրավիճակին, որն ունենք այսօր: Ոչ մեկի համար գաղտնիք չեն հայ ազգի փառավոր անցյալն ու հաղթանակները, որոնք պահելու փոխարեն մենք այն ջուրն են լցնում` մեր պետության վարկանիշի հետ միասին: Ի՞նչ ունեն այդ փառավոր ազգն ու պետությունն այսօր` ատկատների հաշվին սնվող կառավարություն, կիսագրագետ պատգամավորներ, փուչ խոսացող և հայ ազգի անունն արատավորող ընդդիմություն և 5000 դրամի դիմաց քվե վաճառող մարդկանց մի ստվար զանգված: Այն մարդիկ, ովքեր 5000 դրամով փաստացի վաճառում են մեր բոլորիս ապագան, ոչ լավ պայմաններից ելնելով են դիմում այդ քայլին, բայց մյուս կողմից էլ հենց այդ մարդկանց պատճառով ենք մենք այսօր հայտնվել «ստրուկի» կարգավիճակում: Հասկանալի է, որ մարդը ստիպված է գոնե հացի փող հայթայթել, բայց մեկ օրվա կամ թեկուզ մեկ ամսվա հացի փողի համար ընտրակաշառք վերցրած մարդն իր կամքով իրեն ստրկացնում է, քանզի նա այլևս չունի պահանջելու իրավունք, նա իրավունք չունի մեղադրել իշխանություններին, ում ստրուկն է դարձել, իրավունք չունի ակնկալիքներ և հույսեր ունենալ, քանզի ինքն իր որոշմամբ իր Սահմանադրությամբ ամրագրված բոլոր իրավունքները վաճառել է 5000 դրամով, որը եթե բաժանենք 5 տարվա վրա, կստացվի, որ այդ մարդն իր ձայնը գնահատում է օրական 2,7 դրամ, իսկ ո՞վ է իր ապագան այդքան էժան գնահատում, եթե ոչ ստրուկը: Ստեղծված իրավիճակում թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունն են մեղավոր: Մեր հասարակության դեռևս առողջ հատվածը գիտակցում է, որ պետք է ամեն ինչ անել մեր քաղաքական և հասարակական դաշտը բյուրեղացնելու համար, բայց Հայաստանին այսօր ոչ թե անձերի փոփոխություն է պետք, այլ մտածելակերպի, մոտեցման, սկզբունքների, այլապես շատ կարճ ժամանակ անց ստիպված կլինենք մեզ կոչել ստրուկներ, իսկ մեր երկիրն էլ՝ Ստրկաստան: Մոտալուտ ընտրություններին Ձեր ձայնը վաճառելու ցանկություն ունենալու դեպքում միանգամից հիշեք, որ Դուք ինքներդ Ձեզ և մեր ազգն ու պետությունը ստրացնում եք, արդյո՞ք արժանի եք Դուք, Ձեր երեխաները և հետագա սերունդները ստրուկ լինելուն, արդյո՞ք ստրուկ դառնալու համար եք Դուք ծնվել հազարամյակների պատմություն ունեցող ազգում:
Անի Հովհաննիսյան