Աշխարհի ամենախոշոր դինաստիաներից մեկը, որը մինչև 1806 թվականն իրեն համարում էր հինհռոմեական կայսրերի ժառանգ և հպարտորեն իր իշխանությունը կոչում Սրբազան հռոմեական կայսրություն, քայքայվեց սեփական արյան մաքրությունը պահել չկարողանալու պատճառով:
Այս դինաստիայի առաջացման հարցը բավականին խճճված է. որոշ պատմաբաններ կարծում են, որ Հաբսբուրգները կապված են եղել Կոլոննա ընտանիքի հետ, որն իր գործունեությունը ծավալել է սկսած Հուլիոս Կեսարի ժամանակներից: Մյուսները համարում են, որ Հաբսբուրգների նախնիները Մերովինգների դինաստիայի արքաներն են եղել (V-VIII դդ):
Առաջին Հաբսբուրգը եղել է Հարուստ Գունտրամը: 952 թ. գերմանական կայսր Օտտոն I-ը զրկեց նրան իր ողջ ունեցվածքից դավաճանության պատճառով: X դարի վերջում Գունտրամի հետնորդները հայտնվում են Շվեյցարիայում և 1023 թ. կառուցում են Հաբիխտսբուրգը՝ բազեի ամրոցը: Ավելի ուշ անունը վերափոխվեց Հաբսբուրգի և սկիզբ դրեց հայտնի ազգանվան:
Հաբսբուրգների նախնիների գործերն այնքան լավ էին ընթանում, որ արդեն 1273 թ. դինաստիան ստանում է արքայական կարգավիճակ: Ռուդոլֆ I Հաբսբուրգը (1273-1291) դառնում է Գերմանիայի արքա և Սրբազան հռոմեական կայսրության կայսր: Իր գահակալման ընթացքում նա գահը տեղափոխում է Շվեյցարիայից դեպի արևելք՝ միաժամանակ իրար կցելով Ավստրիայի և Շտիրիայի դքսությունները: Ավելի ուշ դրանց միացան Կարինտիան, Տիրոլը, Ֆրաստբուրգը և Տրիեստը, որոնք այնուհետև պիտի դառնային Հաբսբուրգի ժառանգական հողերի հիմնական մասը:
Այդ ժամանակ տարածքային ունեցվածքի ընդլայնումը ամուսնությունների միջոցով նրանց համար բիզնես դարձավ: Մաքսիմիլիան I-ի և Բուրգունդյան Մարիայի ամուսնությունից «առաջացավ» Նիդերլանդները: Սակայն դինաստիայի՝ համաշխարհային տիրապետություն հաստատելու մեջ մեծ դեր ունեցավ Մաքսիմիլիան I-ի թոռ Կառլոս V-ի կառավարման շրջանը (1500-1558):
Կառլոսի մահից հետո հզոր իշխանությունն ուղղակիորեն անկում ապրեց: Դինաստիան բաժանվեց երկու ճյուղի՝ ավստրիական և իսպանական: Առաջինը հիմնեց Կառլոսի եղբայրը՝ Ֆերդինանդ I-ը, որը կառավարում էր Գերմանիայի և Կենտրոնական Եվրոպայի տարածքներում: Երկրորդ ճյուղը հիմնեց Կառլոս V-ի որդի Ֆիլիպ II-ը: Այն ղեկավարում էր Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդներն ու Նոր աշխարհի մի քանի գաղութներ:
Կառլոս II (1700) արքայի մահից հետո պատերազմ սկսվեց տվյալ տարածքների համար, որտեղ հաղթեցին Բուրբոնները՝ Իսպանիայի գահին նստեցնելով իրենց արքային: Հաբսբուրգների տիրապետության տակ մնացին միայն ավստրիական տարածքներն ու մի քանիսը Իսպանիայում: Կառլոս VI-ի մահից որոշ ժամանակ անց Հաբսբուրգների դինաստիայի միակ ժառանգորդը Մարիա Թերեզան էր (1717-1780): Նա կարողացավ պահպանել իրեն ժառանգված ավստրիական տարածքներն իր ամուսնու՝ Լոթարինգիայի դուքս Ֆրանց I-ի հետ միասին: Այդ ժամանակներից ի վեր Հաբսբուրգների դինաստիան պաշտոնապես սկսեց անվանվել Հաբսբուրգ-Լոթարինգյան: Մարիա Թերեզայի որդիների՝ Իոսիֆ II-ի և Լեոպոլդ II-ի կառավարման ընթացքում Հաբսբուրգների դինաստիան կրկին ծաղկում ապրեց և սկսեց սգալ իր հզորության մասին միայն Սրբազան հռոմեական կայսրության անկումից հետո (1806 թ.):
XIX դարի սկզբին Ավստրիայում ազգային շարժումները փլուզեցին կայսրության ամբողջականությունը, սակայն կայսր Ֆրանց Իոսիֆ I-ը (1830-1916), միևնույն է, կարողացավ վերջին ճիգերով պահպանել այն ու 1867 թ. անգամ Հունգարիա գաղութը կցեց նրան: Դինաստիայի վերջնական կործանումը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ավստրո-Հունգարիան պարտություն կրեց: 1918 թ. նոյեմբերի 11-ին Ֆրանց Իոսիֆի թոռը՝ Կառլոս I-ը, հրաժարվում է գահից ու իր պարտականություններից: Այդ ժամանակվանից ի վեր աշխարհը կառավարող դինաստիան համաշխարհային քաղաքականության մեջ կորցնում է իր ողջ դերը:
Դինաստիայի հետ կապված հետաքրքիր ևս մի իրադարձություն կա: Հաբսբուրգների իսպանական ճյուղի ոչնչացման պատճառ դարձավ ինբրիդինգի (ազգակցական ամուսնություններ) բարձր մակարդակը՝ ավելի քան 25%:

Հաբսբուրգների տոհմից Իսպանիայի վերջին արքան՝ Կառլոս II Կախարդվածը, երեխա ժամանակ թույլ առողջություն ուներ՝ մշտական հիվանդություններ, հարբուխ, փսխում, փորլուծություն, հոգեկան թերզարգացում, դուրս ցցված ծնոտ, որը խանգարում էր սնունդ ընդունել ու խոսել: Վերոնշյալ նկարում հենց նա է պատկերված՝ հզոր դինաստիայի վերջին ներկայացուցիչը: Նրան չէր հետաքրքրում ոչինչ՝ բացի սիրելի թզուկների հետ խաղալուց: Այդ ժամանակ երկիրը կառավարում էին խորհրդականներն ու մայր-թագուհին: Ահա, թե ինչի հանգեցրին մեծ թվով ազգակցական ամուսնությունները:



