Երեկ սահմանային հերթական կրակոցն է եղել, որի արդյունքում ժամկետային զինծառայող է զոհվել ԼՂՀ-ադրբեջանական սահմանին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել էին Ժնևում ու քննարկել ԼՂՀ հարցում անվտանգության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ դրույթներ, որը և եղել է քննարկման առյուծի բաժինը։ Հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ և՛ ինքը, և՛ Ադրբեջանի նախագահը հետաքրքրված են, որ սահմանային միջադեպեր ու զոհեր չլինեն։ Սակայն, միևնույն ժամանակ, հասկացրել էր, որ հեշտ լուծում այս հարցին չկա։ Հայկական վերլուծական շրջանակները դեռ հանդիպումից առաջ նշում էին, որ կարիք չկա հանդիպելու Ադրբեջանի նախագահին, քանի որ վերջինս մերժում է ի կատար ածել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները, ուստի գնալ բանակցությունների, նշանակում է համակերպվել, որ Ադրբեջանն այդպես էլ չի կատարելու պարտավորությունները։ Սակայն մյուս կողմից՝ անկախ նրանից, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում բանակցային սեղանին կամ դրա սահմաններից դուրս, մեկ բան պետք է հասկանալ հստակ ու կոնկրետ․ այսօրվա դրությամբ ստատուս քվոն ձեռնտու է Հայաստանին, ու Հայաստանը դա չի էլ թաքցնում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խումը, որը և օժտված է այս հարցի լուծման առաջնային մանդատով։ ԵԱՀԿ-ն է կազմակերպում ՀՀ ու ԱՀ նախագահների հանդիպումները։ Այլ կերպ ասած՝ եթե իրերը դասավորվեն այնպես, որ Հայաստանն այլևս մերժի բանակցությունների ֆորմատը, կնշանակի, որ Ադրբեջանը լեգիտիմ հնարավորություն է ստանում հարցը լուծելու ռազմական ճանապարհով։ Իսկ պատերազմն այն է, ինչին ձգտում է հակառակորդը։ Իսկ Հայաստանն այս պահին զբաղված է բանակի ամենօրյա բարեփոխումներով, դրան գումարած նաև այն, որ հայ հասարակությունը դեռևս չի մարսել Ապրիլյան պատերազմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: