(երկխոսություն)
-Բարև Հայաստան, ես Փոսն եմ:
Հայաստան- Չէ՛, ապեր, դու ոնց որ շփոթում ես, էդ ես եմ փոսը:
Փոս- Հայաստան, չհասկացա, էս ձե՞ռ ես առնում:
Հայաստան- Ապեր, բա ոնց, տեղովդ մեկ ձեռ առնելիք ես, դու ի՞նչ փոս, դու փոսի տնազ ես:
Փոս- Բայց ինչո՞ւ էդպես մեկից անցար վիրավորելուն, մի հատ բարևս էլ չընդունեցիր:
Հայաստան- Քեզ նմաններին գիտեմ, իրենց երևակայում են ու անդունդի տեղ դնում իրենց:
Փոս- Չէ, ես դրանցից չեմ:
Հայաստան- Բալիկս, մի էլ շտապիր դառնալու:
Փոս- Դե էդպես եք անում, որ մեջս դատարկվում է, մի հատ քաջալերեիր, ասեիր, որ կխնամեն ինձ, տեր կլինեն, կծածկեն:
Հայաստան-Մեջդ մի կում թուք է լցված, դա էլ կչորացնեն, կասֆալտեն ու քեզանից կարակատան դուրս կգա, լաքայի նման: Հա էլի, դու էլ դարդ գտար անելու: Այ փոսը ես եմ, որ մեջս ընկնողն այլևս դուրս չի գալիս, գիտե՞ս՝ որքան միլիարդներ են ինձանում կորել: Այ նայի, ինձ ոչ ոք և ոչ մի կերպ չի կարող կարկատել, իմ ճեղքվածքն էնքան մեծ է, որ լցնում են, լցնում ու չի լցվում, ով ասես թուք է տալիս, մեջս կորում, գնում է, իսկ քեզ նման փոսիկները ծիծաղում են վրաս՝ ծաղրում, բայց դե ես հո էդ փոսիկներից չեմ նեղանում, չեն իմանում՝ ինչ են անում: Համ էլ ո՞նց կարող է մայրը նեղանալ իր փոսիկներից: Ես ուրախանում եմ, երբ քեզ նմաններին խնամում են, փակում ու էլ թուք ու մուր չեն տալիս: Մի՞գուցե ձեզ փակեն վերջապես ու ինձ համար էլ մի ճար գտնեն: Ասում են՝ հույսը վերջում է մեռնում, բայց չգիտեմ ինչու ինձ միշտ հույսը կտրածներն են հանդիպում, սրանք, ոնց որ աշխարհի վերջը լինի, իբր թե իմ ճեղքվածքն են փակելու, փողերն առնում ու թռնում են, էլ չեն ասում, թե ուշ թե շուտ, գլորվելու ու հետ են դառնալու էստեղ, ախր իմ տեղն էլ է փոս:
Փոս- Չեմ նախանձում քեզ, նույնիսկ խղճահարվեցի, ես էլ ասի՝ ծանոթանամ հետդ, իմանամ՝ ոնց ես էդքան մեծ չափսերի հասել, սովորեմ քեզանից:
Հայաստան- Դու ինձ մի նայիր, դու երազիր, որ մի օր միջիդ ցեխաջուրը կցամաքի՝ կչորանա, ու մարդիկ կգան, եզրերդ կուղղեն, մեջդ խիճ կլցնեն, հետո էլ որակով կասֆալտեն, ու դու կոսմետիկ հարդարանք կունենաս: Դա էնքան էլ մեծ երազանք չէ, հեշտ է, կատարվող:
Փոս- Ինչպե՞ս օգնեմ քեզ, Հայաստան:
Հայաստան- Ինձ մի անիծիր, թե փոս էիր, փոս էլ կմնաս, էդ ինձ արդեն բավական կլինի:
Փոս- Չեմ անիծի, այլ կմաղթեմ, որ մի օր էլ քեզ կոսմետիկ հարդարանք անեն, որ էլ չվիրավորեն քեզ, չասեն, թե փոս ես: Հիմա հասկացա, թե որքան վիրավորական է, երբ քեզ փոս են անվանում: Փաստորեն ես էլ պարծենալու բան չունեմ: Դու էսքան բանից հետո էլ գեղեցիկ ես, Հայաստան, հույս ունեմ, որ քո գեղեցկությունը մի օր կփարթամանա: Ցտեսություն, ուրախ էի քեզ հետ հանդիպելու համար:
Հայաստան- Երևի մի օր հանդիպեմ քեզ ու չճանաչեմ, չնեղանաս, կհիշեցնես, թե ով ես եղել: