Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությանն է արժանացել ապօրինի ծառահատումների վերաբերյալ հայտնի հարցը, որը բավականին երկար ժամանակ է, ինչ հանրային քննարկման առարկա է։ Վարչապետի դիտարկմամբ՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում ապօրինի ծառահատման դեպքերի կանխմանը: Ըստ այդմ՝ կառավարության ղեկավարը նպատակահարմար է գտնում անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթաց սկսել՝ առաջնայնություն տալով սոցիալապես խոցելի խմբերին և ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը։ Դրանից հետո, երբ հարցը վերջնականապես կկարգավորվի, օրենքի ուժ կստանա, հնարավոր կլինի ամբողջությամբ կիրառել ու ամբողջական ուժեղ հսկողություն սահմանել անտառներում։ Արտառոց ոչինչ չէր լինի, եթե այս հարցի վերաբերյալ դիրքորոշում չունենար, օրինակ, ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, հազվադեպ է սոցիալական հարցերի անդրադառնում, այն էլ՝ հանրային կերպով։ Երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրել այդ խնդրի վրա ու հանձնարարել ամենայն պատասխանատվությամբ հսկողության տակ առնել Հաղարծինի անտառները՝ արգելելով ապօրինի ծառահատումները, ինչից դժգոհ էին մնացել հաղարծինցիները, իսկ նրանցից ոմանք նաև դիտավորությամբ մի քանի օր առաջ վառել էին անտառի հսկիչ անցագրային կետը։
Հիմա ի՞նչ է ստացվում․ այսքան խոսում ենք, որ որոշումների ընդունման ու կայացման համար մեր երկրին պակասում են հստակությունն ու ձեռքի ծանր հարվածը, հիմա հազարից մի անգամ նախագահը բան է հանձնարարել, դատախազը հանձն է առել խնդիր կարգավորել, ու դա ահագին բարդ գործ է, որովհետև, փաստացի, մի մեծ խմբի աչքում այդ մարդը թշնամուց էլ վատն է դառնալու։ Սակայն այստեղ հայտնվում է վարչապետն ու հանձնարարում հարցը ջրել, մինչև ինչ-որ որոշումներ կկայացվեն և այլն, և այլն։ Հանուն ինչի՞ մրթմրթացող 100 հոգու, ովքեր պարզապես արդեն սովոր էին օրական 30 հազար դրամի դիմաց ծառ ու թուփ կտրել անտառ աղավավել։ Կարապետյանն ակնհայտորեն նորից ուզում է դափնիներ վերցնելու գործընթաց սկսել, թե տեսեք՝ ես ուզում եմ լավ բան անել, ձեր սրտով գնալ, բայց համ նախագահն է դրան դեմ, ես էլ, տեսեք, փորձում եմ անգամ նրան դեմ գնալ։ Սերժ Սարգսյանը դեռևս այս որոշմանը չի արձագանքել՝ իմանալով նրա բնավորության գիծը միգուցե ձայն էլ չհանի, սակայն չի բացառվում, որ մի գեղեցիկ օր էլ հանկարծ որոշի... բամփել Կարեն Կարապետյանին։ Մարդ ես, ամեն ինչ էլ լինում է։