Ռուսաստանի նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվելու է Քսենիա Սոբչակը։ Ռուս հայտնի հաղորդավարուհին երեկ հեռուստաեթերով պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում։ Ամենայն հավանականությամբ, նա կստանձնի ռուս լիբերալ ընտրազանգվածի առաջնորդությունը, քանի որ ընդդիմության մյուս թեկնածուին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի ղեկավար Ալեքսեյ Նավալնուն, թույլ չեն տվել առաջադրվել նախագահական ընտրություններում։ Նավալնին արդեն իսկ հասցրել էր իր վիդեոուղերձներից մեկում քննադատել Սոբչակին՝ կանխագուշակելով, որ իրեն առաջադրվել թույլ չտալու դեպքում ռուսական իշխանությունները մեկ ուրիշ թեկնածու են առաջադրելու, ու շատ հավանական է, որ դա լինի հենց Սոբչակը։ Իր հերթին Քսենիան արդեն հայտարարել է, որ Նավալնու առաջադրման պարագայում, եթե, իհարկե, նրան թույլ տան առաջադրվել, ինքը կհանի իր թեկնածությունը՝ հօգուտ վերջինիս, սակայն պարզ է, որ ռուսական իշխանություններն այդ ամենը թույլ չեն տալու։ Սոբչակը հայտնի է գրեթե բոլոր շրջանակներում, նա շփումներ ունի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թևերի ներկայացուցիչների հետ, ժամանակ առ ժամանակ սուր քննադատության է ենթարկում իշխանություններին, սակայն վարքագծի տարրերի մեջ միշտ չէ, որ քաղաքականը գերակշռում է։ Սոբչակն ավելի շատ հայտնի է էքսցենտրիկությամբ, տեղ-տեղ՝ լկտի պահվածքով ու հռետորաբանությամբ։ Շատերն արդեն իսկ համարում են, որ նա դիտավորյալ անլրջացնում է գործընթացը։ Դա անհրաժեշտ է նրա համար, որ Նավալնու, կարելի է ասել, արդեն իսկ ձևավորված ընտրազանգվածը քննադատության թիրախ դարձնի իշխանություններին, իհարկե, արդեն Սոբչակի տեսքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: