Պարզ վիճակագրական ու մաթեմատիկական հաշվարկ՝ հատուկ հանձնարարականների ֆետիշ ունեցողների համար։
Դիցուք՝ կա մի բնակավայր, որի ճանապարհային ցանցի թողունակությունը նախատեսված է ոչ ավել, քան 100,000 մեքենա սպասարկելու համար, և դա այն պայմաններում, երբ մեքենաների հատուկ կայանտեղիներ կան, ու փողոցների մի մասը չի շահագործվում երթևեկության համար կարմիր գծերի պատճառով։ Սակայն այդ բնակավայրում կա ոչ թե 100,000, այլ մոտ 300․000 ավտոմեքենա (իսկ Երևանում այս ցուցանիշներն ավելի վատն են, քան նկարագրված է աբստրակտ բնակավայրի մասին այս օրինակում)։
Նման բնակավայրում կարելի է հանձնարարականներ տալ, կարելի է հեկատոմբներ կազմակերպել տրանսպորտի ու խցանումների աստծո պատվին, որպեսզի նա գթասրտություն ցուցաբերի։ Կարելի է անգամ տասնապատկել պետավտոտեսուչների թիվն ու լիազորությունները, բայց խցանումները վերացնել չի հաջողվի։ Նույն այն պատճառով, որ չի հաջողվի այնպես անել, որ 1 քառակուսի մետրի վրա 4-5 մարդ տեղավորվեն՝ առանց նեղվածք ստեղծելու. եղած մակերեսը չի բավականացնի դրա վրա գտնվել ցանկացող օբյեկտների ու սուբյեկտների առկա քանակի համար։
Այդ իսկ պատճառով հանձնարականներ ու այլ մելոդրամատիկ շոուներ անելու փոխարեն կարելի է անել երկու բան․
1․ Կա՛մ գոնե Քաջ Նազար լինել ու խոստանալ բաներ, որոնք այսպես, թե այնպես կլինեն՝ հանձնարարականով, թե առանց (խոսքի՝ արևը ծագի արևելքում ու մայր մտնի արևմուտքում)։
2․ Կա՛մ տալ իրավիճակի բուն պատճառները լուծող հանձնարարականներ։ Ասենք՝ Երևանի ճանապարհային ցանցի եռապատիկ ընդլայնում, կարմիր գծերի ու փողոցներում կայանելու արգելք, ստորգետնյա կայանատեղիների մասսայական շինարարություն։ Ի դեպ, եթե հանկարծ այս տարբերակը ոգեշնչող լինի, պետք է հանձնարարողն ի նկատի ունենա նաև այն, որ, հանձնարարելուց զատ, պետք է նաև միջոցներ ճարի և ուղղի նման միջոցներ ձեռնարկելու համար, ու այդ միջոցները չեն կարող լինել նույնքան առեղծվածային ու միստիկ, որքան հանձնարարականներ տվողի բերած ներդրումներն են։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/10/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել